Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտադիր է խստացնել առանց վիզայի մուտքի կանոնները. 61 երկիր կարող է ենթարկվել կանոնների վերանայման


Այս տարի Եվրամիությունը (ԵՄ), ըստ ամենայնի, մտադիր է փոխել վիզաների տրամադրման քաղաքականությունն ու դյուրանցնել այն մեխանիզմը, որով առանց վիզաների ռեժիմ ունեցող երկրները կարող են զրկվել այդ արտոնությունից։ Ներկայումս ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից օգտվում է 61 երկրիր, այդ թվում՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Առաջարկը Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ էր դրել դեռևս 2023 թվականին, և ԵՄ խորհուրդը, որը ներկայացնում է անդամ 27 երկրները, մեկ տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։ Սակայն 2024 թվականի հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրությունների և օրինագծերի զգալի կուտակման պատճառով Եվրախորհրդարանը միայն վերջերս է ստացել բանակցություններին մասնակցելու մանդատ։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա նոր օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա աշնանը։

Ինչու՞ է դա տեղի ունենում հիմա

Ըստ էության, ԵՄ-ն շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում վիզաների ազատականացման հարցում մի քանի պատճառներով. առաջին հերթին՝ դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Երկրորդ՝ վիզաների արտոնագրերը հանելու կամ ռեժիմը խստացնելու որոշումը կարող է նաև օգտագործվել երրորդ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։ Տևական ժամանակ այն քաղցրաբլիթ էր՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտներում առաջընթացի հասնող երկրներին քաջալերելու համար։ Առանց վիզայի այդ ռեժիմը թույլ է տալիս երրորդ երկրների քաղաքացիներին այցելել ԵՄ առանց մուտքի արտոնագրի ու մնալ այնտեղ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Կոսովոն ցուցակին ավելացվեց 2024 թվականի սկզբին, իսկ Վրաստանը և Ուկրաինան՝ 2017-ին։

Այդ իրադարձությունները ժամանակին տոնախմբությունների առիթ էին դառնում այդ երկրներում։ Ուստի հիմա, նման արտոնությունից զրկելու սպառնալիքը կարելի է համարվել շատ լուրջ «մտրակ»։
Ռեժիմի կասեցման ներկայիս մեխանիզմը, որը ներդրվել է 2018 թվականին, հնարավորություն է տալիս կարգը վերանայել միայն ակնհայտ չարաշահումների դեպքում, օրինակ՝ երբ այդ արտոնությունից օգտնող երկրների քաղաքացիները զանգվածաբար խախտում են 90-օրյա կեցության սահմանաչափը կամ օգտվում են առանց վիզայի ռեժիմից՝ ԵՄ-ում ապաստան հայցելու համար։

Մինչ օրս ԵՄ-ն միայն մեկ անգամ է դադարեցրել առանց վիզայի ռեժիմը՝ նախ ժամանակավոր, այնուհետև ընդմիշտ՝ խաղաղօվկիանոսյան կղզիներում գտնվող Վանուատու պետության համար:

Նոր դրույթներ

Հիմա Բրյուսելը նախատեսում է նոր դրույթներ ավելացնել:
Նախ, առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել, եթե ընկալում լինի, որ այս ռեժիմից օգտվող երրորդ երկրի վիզային քաղաքականությունը չի համապատասխանում ԵՄ վիզային քաղաքականությանը: Այդպես է եղել, օրինակ, 2022 թվականին, երբ Բելգրադը թույլատրեց, որ Բուրունդիի, Հնդկաստանի և Կուբայի քաղաքացիները առանց վիզայի մտնեն Սերբիա։ Ըստ Բրյուսելի՝ այդ անձանցից շատերը հետո շարունակել են ճանապարհը դեպի ԵՄ երկրներ, փաստացի՝ Սերբիան օգտագործելով որպես Եվրամիություն «հետնամուտք»: Եվրահանձնաժողովի ճնշումից հետո Բելգրադը հրաժարվեց այդ պայմանավորվածությունների մի մասից: Սակայն ըստ առաջարկվող օրինագծի՝ նման վարքագիծը կարող է պատժվել ավելի խիստ և արագ։


Հիբրիդային սպառնալիքներ

Վիզաների կասեցման երկրորդ պատճառը այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներն են։ Թեև սա առայժմ մնում է տեսական սցենար, այն հիմնված է Ռուսաստանի և Բելառուսի հետ ունեցած փորձի վրա։ ԵՄ-ն այդ երկու երկրներին մեղադրել է Աֆրիկայից և Ասիայից միգրանտներին Եվրամիության, մասնավորապես Լեհաստանի և Լիտվայի հետ սահման տեղափոխելու համար։


Եթե մեկ այլ երկիր, որ օգտվում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից, փորձի նմանատիպ մարտավարություն կիրառել, ապա Բրյուսելն ի պատասխան կարող է վերանայել առանց վիզաների ռեժիմը։

«Ժողովրդավարության չափանիշ»

Կասեցման հաջորդ հիմքը, թերևս, ամենահետաքրքիրն է. այն վերաբերում է երրորդ երկրների և ԵՄ քաղաքական հարաբերություններին: Օրենքի նախագիծը նախատեսում է, որ առանց վիզաների ռեժիմը կարող է վերացվել «մարդու իրավունքների լուրջ խախտումների» կամ «միջազգային դատարանների որոշումների չկատարման դեպքում»:

Մեկ այլ հետաքրքիր նորամուծություն այն է, որ միայն Եվրահանձնաժողովը կարող է նախաձեռնել կացեման գործընթաց ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ դա վերաբերում է դաշինքի արտաքին քաղաքականությանը։
Սակայն, ի վերջո, անդամ պետություններն են, որ բացարձակ մեծամասնության միջոցով պետք է որոշեն՝ արդյոք պետք է կասեցնել վիզայի ազատականացումը երրորդ երկրի հետ:

Ինչպես ԵՄ պաշտոնյաներն են ասում, դաշինքը սովորաբար չի ձգտում պատժել որևէ երկրի ողջ բնակչությանը՝ կառավարության փոխարեն, ուստի վիզաների ազատականացման չեղարկումը կդիտարկվի որպես վերջին հանգրվան, «երբ մնացած բոլոր միջոցները սպառված կլինեն»:

Այդ իսկ պատճառով այս տարվա սկզբին՝ Վրաստանի ժողովրդավարության հետընթացին ի պատասխան, ԵՄ-ն առանց վիզաների ռեժիմը դադարեցրեց միայն այդ երկրի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:

Այնուամենայնիվ, բոլոր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հնարավորությունը մնում է սեղանին, իսկ նոր դրույթները և ռեժիմի հետագա խստացումը ցույց են տալիս, որ Եվրամիությունն ակնհայտորեն առավել թիրախային է դարձնում իր գործիքակազմը։


XS
SM
MD
LG