Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի՞ ևս 4 տարի, մինչև բանակցությունները սկսվեն, Կոբախիձեն ասել է, որ դա կախված է Եվրամիությունից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Այժմ այս որոշումը պետք է կայացնի Եվրոպական միությունը: Մենք պատրաստ ենք սրան։ Միաժամանակ մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդպիսով երկիրը կհասնի էլ ավելի մեծ առաջընթացի… ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահերից։ Սպասենք, տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի»,- ասել է Կոբախիձեն։
Նա չի բացատրել, թե ինչպես է կառավարությունը դրական ազդակներ ուղարկում ԵՄ-ին:
Ավելի վաղ Կոբախիձեն որպես բանակցությունների պայման նշել էր Բրյուսելի մոտեցման փոփոխությունը պաշտոնական Թբիլիսիի նկատմամբ։
Մեկ շաբաթ առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Թբիլիսիում խաղաղ ցույցի ժամանակ ցուցարարների ձերբակալությունը և ասել, որ «Վրաստանը չի արդարացնում որևէ ակնկալիք՝ որպես թեկնածու երկիր»։ Որպես պատժամիջոց՝ Եվրամիությունը կասեցրել է վրացական ծառայողական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։
Վրացիները բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը: