Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը


Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:

Ըստ Հայաստանում Եմ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:

Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։

«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ», - տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։

Չնայած այս հայտարարություններին ու նաև այն փաստին, որ դիտորդներն անզեն են, Բաքուն առաքելության տեղակայման առաջին օրից քննադատում է նրանց, մեղադրում լրտեսության ու տարածաշրջանային անվտանգությունը խախտելու համար։ Անցած տարեվերջին ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն անգամ հայտարարեց, թե եվրոպացի դիտորդների հեռացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններից է։

Հայաստանի վարչապետն անցած նոյեմբերին չհերքեց այդ պնդումը, ավելին, ասաց թե հայկական կողմն արել է «հանդիպակաց առաջարկ»։

«Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը չէր հստակեցրել՝ ինչո՞ւ է Հայաստանի տարածքում դիտորդ տեղակայել-չտեղակայելու հարցը Ադրբեջանի հետ քննարկվում։

Ազգային ժողովի նախագահը շաբաթներ առաջ «Ազատության» հարցին ի պատասխան չէր բացառել, որ «այն կետերում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը դեմարկացված սահման ունեն, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի»։ Հստակ որոշում այս հարցով, սակայն, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռևս չկա։

Մինչ այդ, Եվրամիության արտգործնախարարի գրասենյակը, արձագանքելով Բաքվից հնչող քննադատություններին, ընդգծում է՝ դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։

«Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ - ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ - ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին», - ասված է միության արտգործնախարարի գրասենյակից «Ազատությանը» տրված գրավոր մեկնաբանության մեջ։

Առաքելության պաշտոնական էջում, ի դեպ, նշված է, որ նրանց մանդատը վերաբերում է Հայաստանի տարածքին՝ «հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ երկայնքով, ներառյալ հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում են մի քանի ադրբեջանական անկլավներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով և դիտորդության սահուն իրականացման համար առաքելությունն իր բոլոր գործողությունները համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ և նախքան պարեկության դուրս գալը տեղաշարժի մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին»։

XS
SM
MD
LG