Բաքվում պաշտոնապես ավարտվել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը՝ COP29-ը, սակայն եզրափակիչ համաձայնագրի շուրջ առայժմ համաձայնություն չկա և այս պահին պարզ չէ, թե որքան գումար պետք է հարուստ երկրները տարեկան տրամադրեն աղքատներին՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար։
Հավաքը հյուրընկալող Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի նախագիծ, որով առաջարկվում է մինչ 2035 թվականը հարուստ երկրների առաջնորդությամբ զարգացողների համար տարեկան 250 միլիարդ դոլար մոբիլիզացնել։ Սակայն առաջարկը մերժվել է․ զարգացող երկրները 1,3 տրիլիոն դոլար են պահանջում։
Երեկ բանակցությունները շարունակվել են գրեթե ողջ գիշեր։ Արդեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն ասել է, որ աշխարհը հայտնվել է հանածո վառելիք արտահանող մի քանի պետությունների աշխարհաքաղաքական ուժային խաղի մեջ:
«Մենք թույլ չենք տա, որ առավել խոցելի երկրները, հատկապես փոքր կղզիները, կործանվեն հանածո վառելիքի նոր մի քանի հարուստ, արտանետող երկրների կողմից, որոնք այս պահին, ցավոք սրտի, ունեն COP նախագահության աջակցությունը», - ասել է նախարարը և հավելել՝ այն, ինչ տեսնում են Բաքվում, հանածո վառելիք արտահանող հին աշխարհի վերջին կանգառն է և այժմ անհրաժեշտ են կոալիցիաներ տարբեր մայրցամաքներում կլիմայական արդարությանը, կլիմայի կենսունակ ֆինանսավորմանը հասնելու համար։
Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և մի քանի այլ հարուստ երկրներ գագաթնաժողովի ժամանակ համաձայնել են ավելացնել գումարը և հասցնել 300 միլիարդ դոլարի։
Միացյալ Նահանգների Կլիմայի հարցով բանագնաց Ջոն Պոդեստան, մեկնաբանելով այս լուրը, ասել է. - «Մենք աշխատել ենք ամբողջ գիշեր: Աշխատում ենք ամբողջ օրը: Կարծում եմ, հավակնոտ ուժերն իրենց ձայնը լսելի են դարձնում»:
Ճշտող հարցին, թե մո՞տ են արդյոք արդյունքին հասնելուն, ամերիկացի բանագնացը պատասխանել է՝ դեռ աշխատում են այդ ուղղությամբ։
Եվրամիության կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան, ըստ էության, թերահավատ էր, թե կողմերը համաձայնության կգան. - «Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք անել յուրաքանչյուր ուղղությամբ կամուրջներ կառուցելու, հաջողության հասնելու համար: Բայց կասկածում եմ, որ դա մեզ կհաջողվի»։
250 միլիարդ դոլարի առաջարկը դժգոհության ալիք է բարձրացրել զարգացող երկրների շրջանում։ Տարբեր երկրներ ներկայացնող ակտիվիստները երեկ նույնիսկ ցույց են արել COP29-ում՝ պահանջելով ավելացնել ֆինանսավորումը: Ցուցարարները պարզել են «ոչ թե միլիարդներ, այլ տրիլիոններ», «գլոբալ Հյուսիս, ավելացրեք ֆինանսավորումը» և այլ գրություններով պաստառներ։
Առաջարկվող գումարի չափից բացի՝ դժգոհության պատճառ են դարձել նախագծի ձևակերպումները․ օրինակ՝ այն կետը, որ այդ գումարը զարգացած երկրների առաջնորդությամբ պետք է հավաքվի, ինչը, ըստ տարբեր գնահատականների՝ հարուստներից զատ մյուս երկրներին ևս պատասխանատու կդարձնի։ Մեկ այլ դրույթով էլ զարգացող երկրներին բառացիորեն հրավիրում են մասնակցություն ցուցաբերել դրամահավաքին։ Դժգոհություններ են հնչել նաև, որ սա վերջին շրջանի ամենավատ համաժողովն է եղել։