Երևանի կենտրոնում պատմական վերջին հատվածներից Ֆիրդուսի թաղամասը գրեթե ամբողջովին վերածվել է շինհրապարակի, ժամանակին ավելի քան 400 տուն ունեցող թաղամասում հիմա միայն մի քանի տներ են մնացել կանգուն` կղզյակների պես, սակայն նրանց ճակատագիրն էլ արդեն կարծես ժամանակի հարց է:
Ռաֆայել Սաֆարյանի տունը հանրապետության նրբանցքում կանգուն մնացած եզակի շենքերից է, դատական տասից ավելի հայցեր կան սեփականության հետ կապված, բազմաթիվ բողոքարկումներ, 23 հատոր դատական նյութ մի ատյանից մյուս ատյան է տեղափոխվում:
Հանրապետության նրբանցքում գտնվող իրենց ավելի քան 800 քառակուսի մետր հողի, մոտ 450 քառակուսի մետր տան և 390 քառակուսի մետր ինքնակամ շինության համար, ի սկզբանե շատ փոքր փոխհատուցում էր առաջարկվել։
«Ես չեմ պատրաստվում նվեր տալ, մանավանդ կառավարությանը, եթե գերակա շահ է՝ օդանավակայան սարքեին, կայարան սարքեին, հասկանալի կլիներ», - «Ազատությանն» ասաց Սաֆարյանը։
Չառաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկել են ավելի բարձր ատյաններում, հիմա նոր քննություն է գնում, որ դեռ չի ավարտվել:
Ռաֆայել Սաֆարյանը հարց է տալիս՝ ինչո՞ւ պիտի Երևանի սրտում իր սեփականության վրա ոչ թե ինքը շենք կառուցի, այլ այդ իրավունքը զիջի մեկ այլ կառուցապատողի: Ու թեև դատական գործընթացները շարունակվում են, Սաֆարյանը մտավախություն ունի, որ իր տունն էլ գուցե առաջիկայում սկսեն քանդել. կառուցապատողների իրենք են քանդման պահանջով դատարան մտնում և արագ անցնում գործի:
Կառավարությունն իր 2018 թվականի որոշման մեջ նշում է, որ ֆիրդուսի թաղամասում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով, այդտեղ կստեղծվի ճարտարապետական մեկ համալիր`նոր բնակարանային ֆոնդով և ենթակառուցվածքներով, բացի այդ տարածքում նախկինում արդեն իսկ մասնակիորեն կատարվել են սեփականության օտարման աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում