Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի մի խումբ բնակիչներ այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրին, այս անգամ Բարձրագույն Դատական խորհրդից (ԲԴԽ) պահանջում են իրենց տներից վտարման գործերի արդար դատաքննություն։
Ֆիրդուսի բնակիչների շուրջ երկու տասնյակ գործեր կան դատարաններում։ Նրանց մի մասի վտարման գործի դատաքննությունն 5 օր առաջ է ավարտվել, վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին։
Դատավարության ընթացքից դժգոհ բնակիչները, սակայն, մտահոգ են, կարծում են, որ դատավոր Մուրադ Հովակիմյանն ապօրինի գործողություններ է իրականացրել, մերժել իրենց միջնորդությունները, արագացված կարգով նիստեր անցկացրել։
«Ես չեմ ուզում ասեմ, որ կաշառում են, ինչ են անում, ես դրա իրավունքը չունեմ, ոչ էլ ականատես եմ եղել, բայց որ ի պաշտոնե իրան ուզում են նեղեն, դրանում կասկած չկա», - ասաց բնակիչներից մեկը:
«Ցանկալի արդյունքը, որ ամսի 20-ին մի հատ թազա քննություն լինի, մեզ էլ լսեն, ոչ թե մենակ իրանց ասածը», - նշեց մեկ այլ քաղաքացի:
Բարձրագույն դատական խորհրդից ֆիրդուսցիներին այսօր ոչ ոք չընդունեց, նրանց մի մասն էլ արդարադատության նախարարի հետ պետք է հանդիպեր։ Գրիգոր Մինասյանը, սակայն երկրում չէր, ընդունել էր նրա ներկայացուցիչը՝ խոստանալով մանրամասները փոխանցել նախարարին։
Կառավարությունը դեռ 2006 թվականից է Ֆիրդուսի թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ և կառուցապատման իրավունք տվել Էդուարդ Մելիքյանին պատկանող «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ին։ Այս ընկերությունը, սակայն, անցած տարիներին ոչինչ չի կառուցել տարբեր, այդ թվում՝ ֆինանսական պատճառներով։ Այս տարածքը գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018 թվականին՝ Հայաստանի նոր իշխանությունների օրոք։ Պետական ռեգիստրի տվյալներով, «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությունը դեռ 2021-ից արգելանքի տակ է, իսկ գործունեությունը՝ սահմանափակված։ Այժմ Ֆիրդուսում կառուցապատումն իրականացնում են նույն սեփականատիրոջ ստեղծած 17 նոր ընկերությունները, որոնք արդեն վաճառքի են հանել դեռ չկառուցված բնակարանները։
Քաղաքապետարանը կառուցապատողի հետ համաձայնության չեկող բնակիչներին մայրաքաղաքի այլ մասերում է տներ առաջարկել։ Բայց տասնամյակներով կենտրոնում բնակված ֆիրդուսցիները հրաժարվում են՝ պնդելով, որ նույնիսկ Երևանի ծայրամասում կդժվարանան այդ տուն գնել։
«Ես տեսնում եմ՝ իմ տան տեղը դու համարյա 22 հարկանի չորս հատ բնակարան ես կառուցում հենց իմ քառակուսու վրա, ես հիմա՞ր եմ չպահանջեմ», - ասաց բնակիչներից մեկը
Երևանի իշխանությունները, սակայն, հակադարձում են՝ օրենքով են առաջնորդվում։
Թաղամասը հանրային գերակա շահ ճանաչելու որոշմամբ կառավարությունը նաև մի կետ էր ավելացրել, որը թույլ չի տալիս, այստեղ գույք ունեցողներին որպես փոխհատուցում ոչ թե գումար ստանալ, այլ նույն վայրում հետագայում կառուցվող շինությունում սեփականություն, այս կետը ֆիրդուսցիների փաստաբանները նույնպես վիճարկում են դատարանում:
ԲԴԽ-ի մոտ ցույցի դուրս եկած ֆիրդուսցիները այսօր նաև դժգոհում էին՝ ինչո՞ւ վտարման հարցով նիստերն արագ-արագ կազմակերպվում են, իսկ երբ հերթը հասնում է իրենց հայցերին, պարզվում է, որ դատարանները գերծանրաբեռնված են։
Արդեն երկու շաբաթ է բնակիչներն Ֆրիդուսի թաղամասում ստորագրություններ են հավաքում, որպեսզի պայքարեն, ինչպես պնդում են, պետության ու կառուցապատողների անօրինությունների դեմ։ Ավելի քան 2000 քաղաքացի միացել է միջազգային աուդիտ անցկացնելու ստորագրահավաքին։
Ֆիրդուսում ժամանակին շուրջ 400 միավոր գույք է եղել, հիմա դրանցից 110-ի տերերն են հրաժարվում դուրս գալ տներից։ Իսկ զուգահեռ իրականությունում շինարարական եռուզեռը նոր թափ է հավաքում տարիներ շարունակ խնդրո առարկա դարձած թաղամասում։