Աղավնոյից տեղահանված Աիդա Ավագյանին օրերս բանկից զանգել և տեղեկացրել են, որ պետական սերտիֆիկատով գնված հիփոթեքային վարկը մարելու պարտավորություններն անցնում են զոհված զինծառայողի ընտանիքին: Եթե մայիսի 5-ից չվճարեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետանց, հետո հարկադիրով գույքը կարող է բռնագանձվել:
Արցախի կառավարության 2022 թվականի մայիսին ընդունված որոշմամբ 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն էր տրամադրվում հիփոթեքային վարկի կանխավճարի և ամենամսյա վճարների մարման տեսքով:
Զոհված զինծառայողի կնոջը հայտնել են, որ Արցախի լուծարումից՝ այսինքն՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո վճարումներ չեն կատարվել, բանկը դիմել է Կառավարությանը, բայց պատասխան չի ստացել: «Այսինքն՝ ես պայմանագիր եմ կնքել բանկում, ունեմ պայմանագիրը իմ մոտ՝ բանկ, գնորդ ու պետություն: Ոնց հասկանում եմ, քանի որ ԱՀ-ն չկա հիմա, մեր պետությունը երևի Ադրբեջանն է դառնում էլի: Եթե ՀՀ-ն չի վճարում, փաստորեն մենք դառնում ենք Ադրբեջանի քաղաքացի: Հիմա չեմ հասկանում՝ ես նամակ պիտի գրեմ ՀՀ կառավարությա՞նը, թե՞ Ադրբեջանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աիդա Ավագյանը:
Տեղահանվելուց հետո չորս երեխաների մայրը սերտիֆիկատի 22 մլն դրամին իր միջոցներից ևս 4 մլն է ավելացրել, Գորիսում տուն գնել, որը հյուրատան է վերածել: Հիմա խնդրի առաջ է կանգնել՝ ինչպես է վճարելու վարկը. «Ո՞նց կարաս վճարես, եթե ունես 4 երեխա, ընդ որում աղջիկներիցս մեկը հաշմանդամ: Ես այդ նպատակով եմ տունը գնել, քանի որ չեմ կարող աշխատել ինչ-որ մի տեղ, մեկը պիտի պարտադիր տանը լինի: Որ հյուրատուն ուներ, հենց դրանով ոգևորվել եմ, որ տանը կլինեմ, կաշխատեմ, մենակ չեմ թողնի: Բայց ոնց հասկանում եմ, պետք է ոտքդ վերմակդ գյորա մեկնեիր: Ես էլ պիտի տենց անեի: Մի քիչ քիչ գումար լիներ, որ այսօր այս խնդրի առաջ էլ կանգնեի, չմտածեի, գոնե վճարումները քիչ լինեին: Բայց ախր հարյուրից ավելի է գալիս ամեն ամսվա վճարումը ու 20 տարի»:
«Ազատություն»-ը փորձեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտել, թե արդյոք այս խնդրի մասին քննարկումներ կա՞ն: Խոսնակը միայն փոխանցեց, թե այն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի կառավարությունն, ու Հայաստանի կառավարությունը առնչություն չունի բնակարանային ապահովման պետական աջակցության այս ծրագրի հետ: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող:
Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանն ասում է՝ ծրագրի շահառուների թիվը մեծ չէ՝ մոտ 9 տասնյակ, և եթե պետությունը լուծումներ չգտնի, ապա վարկային բեռը ծանր հետևանքներ կունենա առանց այն էլ խոցելի ընտանիքների համար:
«Միակ լուծումն այն է, որ Կառավարությունը որոշում կկայացնի այդ վարկերի զիջման կամ վճարման այլ տարբերակի, որը չի լինի վարկառուի կողմից, կոնկրետ չի լինի այս ընտանիքների կողմից, այլ՝ մեկ այլ տարբերակ, որը նրանց ֆինանսական խնդիրների առջև չի կանգնեցնի, որովհետև վստահ կարող եմ ասել, որ այդ ընտանիքներից ոչ մեկը պատրաստ չէ նման ֆորսմաժորային իրավիճակի»:
Տիկին Աիդայի ամուսինը՝ Համլետ Առաքելյանը, կամավոր էր մեկնել ռազմաճակատ, զոհվել 2020թ. հոկտեմբերին 16-ին Ջաբրաիլում: Դին երկար փնտրելուց հետո՝ 8 ամիս անց են գտել: 2022-ին Աղավնոյի՝ ադրբեջանական դառնալուց հետո Սյունիքում հաստատված կինը հույս ունի, որ իրենց խնդրին լուծում կտրվի:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.