Մատչելիության հղումներ

Չեչնիայից փախած կինը Երևանում մահացած է հայտնաբերվել. ծանոթը խոսում է «ծուղակի» մասին

Լրացված

Այշաթ Բայմուրադովան
Այշաթ Բայմուրադովան

Եռօրյա որոնումներից հետո Երևանում մահացած է հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան։ Ոստիկանությունը միայն հայտնում է, որ զանգահարել է մի քաղաքացի ու տեղեկացրել, որ Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշանակվել են փորձաքննություններ, առայժմ տեղեկություններ չկան՝ արդյոք 23-ամյա կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել։

Այշաթի երևանյան ծանոթներից մեկը, որ ահազանգել էր նրա անհետացման մասին, սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալու պայմանով պատմեց, որ այդ օրը Բայմուրադովան հյուր է գնացել Ինստագրամի միջոցով ծանոթացած մի աղջկա. - «Իբր ինքն էլ է Չեչնիայից, բայց ապրում է Մոսկվայում։ Կարինա անունով այդ աղջիկը, որը կարծես կեղծ օգտատեր էր, հրավիրել է իր վարձած բնակարան։ Դատելով տեղի ունեցածից՝ դա ծուղակ էր։ Այդ օրվանից՝ հոկտեմբերի 15-ից նա կապի դուրս չի եկել»։

Բայմուրադովան Հայաստանի իշխանություններից, ըստ ընկերների, քաղաքական ապաստան չէր խնդրել։ Չեչնիայում նա չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։ Կանանց, սեռական փոքրամասնությունների, քաղաքական ընդդիմախոսների դաժան ճնշումներով հայտնի Ռամզան Կադիրովի ռեժիմը առաջին անգամը չէ, որ փորձել է հետապնդումների ենթարկել անգամ երկրից հեռացածներին։

«Անգամ ոչ թե ռուսական օրենքներից, այլ հենց Չեչնիայի կարգերից էր փախել։ Նա ցանկանում էր ապրել ինչպես այլ երկրներում է՝ Հայաստանում, Եվրոպայում։ Չեչնիայում դա անհնար էր, հատկապես անհաշտ էր այն բարքերի հետ, թե ինչպես պետք է կինն ապրի Չեչնիայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բայմուրադովայի երևանյան ծանոթը:

Մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Այշաթ Բայմուրադովան Չեչնիայում։

«Փորձում էր նոր կյանք սկսել։ Ես հանգամանքները չգիտեմ, բայց սա ոչ մի դեպքում չէր կարող է ինքնասպանություն լինել, նա բռնի հանցագործության զոհ է», - պնդեց «Ազատության» զրուցակիցը:

«Կովկասն առանց մոր» իրավապաշտպան նախագծի հիմնադիր Լիդիա Միխալչենկոն, որ կապի մեջ էր Բայմուրադովայի հետ, ասել է, որ իր նախնական տեղեկություններով՝ երիտասարդ կնոջը խեղդամահ են արել։ Նա պնդել է, որ տարածքի տեսանկարահանող սարքերի կադրերում են հայտնվել երկու տղամարդ:

Հայաստանցի իրավապաշտպան Անդրանիկ Շիրինյանը տեղի ունեցածը անդրազգային բռնություն է որակում, երբ ավտորիտար պետության ձեռքերը հասնում են այլ երկրներում հաստատված իր քաղաքացիներին: Չեչնիան հենց այս դեպքն է՝ Ռուսաստանի կազմում բռնապետություն, որտեղ հայրիշխանական նորմերը պետական՝ ուժային կառավարման մաս են: Ուստի Շիրինյանը կարծում է՝ Այշաթ Բայմուրադովան Հայաստան ժամանելուն պես պետք է հատուկ ուշադրության արժանանար, օրինակ՝ ոստիկանական պաշտպանություն: Թեև հայտնի չէ՝ արդյո՞ք նա կամ իրավապաշտպանները դիմել էին ուժայինների օգնությանը:

«Բացի գործի քննությունից և բացահայտումից՝ Հայաստանի իշխանությունները պետք է նաև հռչակագրային մակարդակում շեշտեն, որ Հայաստանը չի կարող լինել այն երկիրը, որտեղ մեկ այլ երկրի իշխանությունների դրդմամբ կամ լուռ համաձայնությամբ կարող են ինչ-որ տղամարդիկ գալ և նման սպանություններ իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրինյանը:

Իրավապաշտպանը հիշեցնում է այսօրինակ նախորդ երկու դեպքերը, երբ ուկրաինական ճակատ մեկնել հրաժարվող ռուս մի տղամարդու Հայաստանում ձերբակալել ու Ռուսաստան էին տարել Գյումրիի ռազմաբազայի զինվորները, երկրորդին էլ ստիպել էին ծառայության անցնել հենց ռազմաբազայում:

«Այս դեպքը իմ կարծիքով նաև նշան է, կոչ է բոլոր էն մյուս Ռուսաստանի քաղաքացիներին, նաև Հյուսիսային Կովկասի կանանց, որ «Հայաստանը ձեր համար ապահով տարածք չի, և ուր էլ փորձեք փախչել, միևնույն է՝ մեր ձեռքերը ձեզ հասնելու են», - ընդգծեց Անդրանիկ Շիրինյանը:

2023-ին էլ ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից՝ հարազատներից փախած և Հայաստանում ապաստանած Ֆաթիմա Զուրաբովան էր հայտնվել երևանյան ոստիկանատանը, որտեղ նրան տեսակցել էր բռնարարներից մեկը՝ հորեղբայրը, սպառնացել ծանր հետևանքներով չվերադառնալու դեպքում: Ի վերջո 21-ամյա կնոջը տեղափոխել էին հատուկ պահպանվող վայր:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG