Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով Վանաձորի քաղաքացուն խոշտանգել են, հայտարարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Սա Ոստիկանության նույն վարչությունում այս տարի տեղի ունեցած արդեն երկրորդ դեպքն է, որի մասին իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգ է ստանում:
«Երկուսն էլ նույն սցենարով են, երկուսն էլ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակ են ունեցել», - «Ազատությանը» փոխանցեց քաղաքացիների իրավունքները պաշտպանող փաստաբան Անի Չատինյանը:
Դեպքերից մեկը տեղի է ունեցել հունվարի 10-ին, պատմում է Չատինյանը: Լուսադեմին տուն են այցելել ու քաղաքացուն հրավիրել Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղ էլ, ըստ փաստաբանի, ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով բռնություն ու անմարդկային վերաբերմունք է դրսևորվել:
Բռնության ենթարկված անձը հրաժարվեց հարցազրույցից, բայց իրավապաշտպանին հայտնել է, որ իրեն ոտքերով ու ձեռքերով հարվածել են, նվաստացրել սեռական բնույթի հայհոյանքներով:
«Ամենավերջին ձևերով և ամենանվաստացնող տեսակի վերաբերմունքի կիրառմամբ անձի արժանապատվությունը նվաստացվել է», - նշեց Անի Չատինյանը:
Փաստաբանն ասում է՝ բռնությունն ու նվաստացումներն ակնհայտորեն քաղաքացուց ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակ են ունեցել: Ավելին, քաղաքացուն Վանաձորում չբացահայտված երեք հանցագործություն են «առաջարկել»՝ դրանցից մեկն «ըստ ճաշակի» ընտրելու և դրա մասին խոստովանական ցուցմունք տալու համար. - «Ըստ ճաշակի» ընտրել որևէ արարք և խոստովանել՝ գողություն կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված: [...] Եվ սպառնալիք է նշվել, որ միևնույն է՝ որևէ ձևով պետք է, այսպես ասած, փակեն իրեն, գործ պետք է հարուցվի»:
Ի վերջո քաղաքացուն ձերբակալելու որոշում են կայացրել՝ ապօրինի թմրանյութ պահելու կամ շրջանառելու կասկածանքով, չնայած ոչ բերման ենթարկվածն է ինքնախոստովանական ցուցմունք տվել, ոչ էլ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
«Որևէ առարկա, որևէ արգելված իր կամ որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել: Խուզարկություն իրականացվել է, գրպանում եղել են թույլատելի իրեր, մասնավորապես՝ գումար և անձնական օգտագործման հեռախոս և այլն», - ընդգծեց Չատինյանը՝ հավելելով. - «Այս պահի դրությամբ նրա վերաբերյալ որևէ քրեական գործ հարուցված չէ, և որևէ քրեական գործով չի անցնում»:
Քաղաքացու հարազատներն են դիմել իրավապաշտպան կազմակերպությանն օգնության խնդրանքով:
Կազմակերպությունը ձերբակալման որոշումը բողոքարկել է դատարանում, որն էլ ոչ իրավաչափ է համարել այն, չեղարկել, ու քաղաքացին դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Դրանից հետո՝ նույն օրը, բժիշկներն են եզրակացություն տվել, որ վանաձորցի երիտասարդը գլխուղեղի ցնցում և կրծքվավանդակի սալջարդ է ստացել:
«Ոստիկանությունում ձերբակալվելուց հետո և բռնության կիրառումից անմիջապես հետո, երբ քույրը գնացել է բաժին և բաժնում, այսպես ասած, խլել ձեռքներից, որ ավելի անմարդկային վերաբերմունք չկիրառվի, դրանից հետո շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ քաղաքացու մոտ արձանագրվել են ուղեղի ցնցում, սալջարդեր, և այլն», - պատմեց Անի Չատինյանը:
Վանաձորի բժշկական կենտրոնն այս մասին ահազանգել է ոստիկանություն, նաև ՀՔԱՎ-ն է հանցագործության մասին հաղորդում տվել, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին, որ գործը նախաքննության փուլում է, դեռ մեղադրյալներ չկան: Իրավապահները չեն հայտնում՝ արդյոք դեպքին մասնակցած քրեական ոստիկանների ծառայությունը կասեցված է, կամ ծառայողական քննություն իրականացնելու միջնորդություն կա. - «Քանի որ այս պահին նախաքննությունը շարունակվում է, ու անհրաժեշտ գործողություններ են կատարվում, Ձեր նշած հարցերի հետ կապված ոչ մի տեղեկատվություն չունենք այս պահին: [Մեղադրյալներ] այս պահին չկան»:
Ինչո՞ւ է վանաձորցի երիտասարդը հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչո՞ւ են որոշել նրա հետ կապել քաղաքում չբացահայտված հանցագործությունները: Իրավապաշտպան կազմակերպությունը նրա ձերբակալման որոշումը բողոքարկելիս այս հարցը բարձրացրել է դատարանում, բայց Ոստիկանության ներկայացուցիչն այդպես էլ չի պատասխանել: Նշել է միայն, թե ամիսներով հետևել են քաղաքացուն և օպերատիվ տեղեկություններ ստացել, որ նա հանցագործություն է կատարել:
«Բայց իմ հարցին, թե ի՞նչ հանցագործություն է կատարել, և ինչպե՞ս եղավ, որ բաժնում արդեն չբացահայտվեց կատարված հանցագործությունը, բնականաբար, լռում են, որովհետև տեղեկատվությունը կեղծ է, չկա նման ինֆորմացիա և մտացածին է», - ասաց Անի Չատինյանը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղի ունեցած մյուս դեպքում մեկ այլ վանաձորցի հայտնել է, թե իրեն ևս խոշտանգել են: Հասարակական կազմակերպությունը ճշտում է հանգամանքները՝ քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: