Մատչելիության հղումներ

Ճանապարհները փակելու ենք, եթե հարցին լուծում չտրվի. բեռնատարների վարորդները կրկին կառավարության շենքի առջև էին


Բեռնատարների վարորդների ակցիան կառավարության շենքի առջև, հոկտեմբերի 16,2025թ.
Բեռնատարների վարորդների ակցիան կառավարության շենքի առջև, հոկտեմբերի 16,2025թ.

Բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին: Գործադիրից պահանջում էին բանակցել Ռուսաստանի հետ, որ չեղարկվի այնտեղ 90 օրից ավելի մնալու սահմանափակումը. «Ճանապարհները փակելու ենք, եթե հարցին լուծում չտրվի», - ասում էին վարորդները։

Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք չեն մեկնում այնտեղ աշխատելու նպատակով, հունվարի 1-ից մեկ տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն՝ արդեն 90 օր կարող են գտնվել ՌԴ տարածքում:

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ հարցը կլուծվի

Ռուսաստանի միգրացիոն օրենքների այսպիսի խստացումները հայ բեռնափոխադրողներին կանգնեցրել է գործազրկության շեմին: Օրենքը խախտողներին էլ տուգանելուց բացի նաև արտաքսում են երկրից՝ 3-5 տարով զրկվելով Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մոտեցավ վարորդներին՝ նշելով, որ տեղյակ է ու ռուս գործընկերների հետ քննարկում են հարցը, հույս ունի, որ կլուծվի:

«Աշխատանքային մի երկու բան, որ ավել ասեմ, գուցե գործին խանգարի։ Բայց, հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում, ես մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը լուծվի։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում դա չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր կարող է տարվա մեջ Վերին Լարսում կանգնեք», - ասաց նախարարը։

Վարորդներն ասում են՝ ռուսական բանկերում փոխանցումներ անելիս են շատերը տեղեկացել, որ վերահսկվող անձանց ռեեստրում են, որովհետև գործարքը չի հաջողվել ու էկրանին գրություն է հայտնվել՝ պատճառները ճշտելու համար այցելեք ՌԴ ներքին գործերի նախարարություն: Վարորդներից շատերը հենց այդպես էլ արել են, գնացել են ՆԳՆ ու տեղեկացել՝ 90-օրից ավելի են մնացել Ռուսաստանի տարածքում և դա խախտում է. «Նայում եմ փակ է քարտս, պետք է գնաս էնտեղ ու ասում են՝ ցտեսություն»։

Էկոնոմիկայի նախարարից հետո վարորդներին մոտեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Հարցրինք՝ փորձե՞լ են ՌԴ իրենց գործընկեր պատգամավորների միջոցով բարձրացնել այս հարցն այնտեղ:

«Եթե պետությունն ասում է, որ խնդիրը կկարգավորի, դու ասում ես՝ դե, եթե ասում են, որ խնդիրը կկարգավորի, ուրեմն այդ առումով իրենց խոստումը, գոնե, կկատարեն։ Ամենամեծ լծակներն ու հնարավորություններն ունի կառավարությունը։ Ցանկացած պահի իրենք են չէ՞ ասում Թրամփի WhatsApp-ի համարն ունենք։ Եթե բոլորի համարներն ունեն, ջերմ հարաբերություններ ունեն, այս մարդկանց ճակատագիրն իրենց հետաքրքիր է, թե՞ չէ», - հարցնում է պատգամավորը։

Այսօրվա բողոքի ակցիային ներկա վարորդներից շատերն արդեն 3-5 տարով զրկվել են ՌԴ մեկնելու հնարավորությունից: Հիմա աշխատանք չունեն: Ասացին՝ ապրուստի միակ միջոց բեռնատարները հիմնականում վարկով են վերցրել, բանկին ինչպե՞ս բացատրեն, որ ՌԴ-ում միգրացիոն օրենքների խստացման պատճառով անգործ են մնացել ու չեն կարող վարկը մուծել: Նախարար Պապոյանին հարցրին՝ բանկերը կսառեցնե՞ն իրենց վարկերը, մինչև իշխանություններն ավարտեն ՌԴ-ի հետ բանակցությունները։

«Ես դա չեմ կարող խոստանալ....ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այս հարցը», - ասաց Պապոյանը։

Եթե այսպես շարունակվի՝ հարյուրավոր վարորդներ արդեն ՌԴ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա, դա նշանակում է, որ այստեղ նաև ապրանքների գները կթանկանան, ասում են վարորդները. «ինչ-որ հագած-կապած ուտում-խմում եք, էս տղաներն են բերում»։

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ամեն օր դիմումներ է ստանում մուտքի արգելք ստացած վարորդներից: Փորձագետն այդ ցուցակը փոխանցում է Հայաստանի Ներքին գործերի ու Արտաքին գործերի նախարարություններին, այնտեղից էլ դիմում են ռուս գործընկերներին, որ հարցի լուծում գտնեն:

Փորձագտեն ասում է. «Այս հարցը ԵԱՏՄ-ի միջոցով պետք է լուծվի։ Առևտրի վրա չպետք է անդրադառնա, բեռնափոխադրումների վրա չպետք է անդրադառնա։ Ես արդեն ունեմ առաջին ուղևորափոխադրող վարորդը, 90 օրը անցել է և մուտքի արգելք են դրել։ Շուտով այն երթուղայինները, որ գնում են ՌԴ, իրենց վարորդներին են մուտքի արգելք դնելու»։

Բեժանյանն ի դեպ, դեռ նախորդ տարվանից էր հայտարարում՝ Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները, դա հայ բեռնափոխադրողներին և ուղևորափոխադրողներին դժվարին կացության մեջ է դնելու: Էկոնոմիկայի նախարարն այդպես էլ չասաց՝ անցած տարվանից են սկսել բանակցությունները ՌԴ-ի հետ, թե՞ վերջերս:

«Այդ խնդրի խորության, դժվարության, հետևանքների մասին մեր պատկերացումները 100 անգամ ավելի շատ է, քան ձեր մասով գիտեք», - ասաց նախարարը։

Ռուսաստանում միգրացիոն կանոնների այս խստացումը ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մի շարք երկրներին է վերաբերում։ Առայժմ միայն Ղազախստանի օրինակն է համացանցում շրջանառվում, այն էլ ոչ պաշտոնական տեղեկություններով։ Ըստ որի՝ միջանկյալ լուծում է գտնվել. միգրացիոն կենտրոններում անազատության մեջ պահվող վարորդներն ազատ են արձակվել։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ ամեն օր է զբաղվում այս հարցով ու քննարկումների մեջ է նաև ԵԱՏՄ մյուս երկրների իր գործընկերների հետ, ասում է՝ Ղազախստանից պաշտոնական պատասխան դեռ չկա. իրենց վարորդները կարողանո՞ւմ են 90 օրը լրացնելուց հետո կրկին մտնել ՌԴ ու չտուգանվել։




XS
SM
MD
LG