Երևանը Բաքվին առանձին առաջարկ է արել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման վերաբերյալ. պատգամավոր
Երևանը Բաքվին առանձին առաջարկ է արել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման վերաբերյալ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, վարչապետի թիմակից Սոնա Ղազարյանը։ Իշխանական պատգամավորը, սակայն, այդ առաջարկի վերաբերյալ փակագծեր չբացեց։
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին առաջարկել է ապաշարջափկման ծրագիր՝ մանրամասն նկարագրելով թե՛ անվտանգային, թե՛ ծառայությունների մատուցման կարգը, որը այս պահին նպատակահարմար չենք գտնում բացահայտել, բայց մենք մեր առաջարկն արել ենք», - ասաց նա։
Պատգամավորը չնշեց, թե երբ է առաջարկն արվել։ Հարցին, թե պատասխան ստացել են Բաքվից, արձագանքեց. - «Այս պահին նման տեղեկատվություն կրկին չունեմ, գիտեմ, որ խոսակցությունը, այնուամենայնիվ, տեղի ունեցել է այս առումով»։
Վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ չէր բացառել, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգության ապահովումը կարող է արտապատվիրակվել պահնորդական մասնավոր մի ընկերության։
Դրանից օրեր անց արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր որոշ փակագծեր բացել մասնավոր այդ ընկերության գործառույթների վերաբերյալ. - «Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին, խոսքը սրա մասին է: Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չկա»:
Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, այդ անցումն ապահովել. Փաշինյան
Վարչապետն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է պարզեցված կարգով Սյունիքով Ադրբեջանին տարանցիկ ճանապարհ տրամադրել, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց, առանց վնասելու կամ ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը, ինչպես որ գործում են աշխարհի բոլոր ճանապարհները։
«Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է և ուզում է, և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել, ավելին՝ մենք չենք բացառում նաև որոշակի պարզեցումներ ընթացակարգերի և ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էր քննադատել Երևանին՝ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չկատարելու մեջ։ Այխան Հաջիզադեն միաժամանակ պնդել էր, թե Բաքուն այլընտրանքային տարբերակ էլ ունի, և դրանից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է։
«Այս առումով համապատասխան աշխատանքներ են ընթանում։ Եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»,- ասել էր Հաջիզադեն։
«Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց էլի վերահաստատում եմ՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցումը տրամադրում, նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել», - այսօր հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում. Շոյգու
Հայաստանից հնչող այս հավաստիացումների և ապարջափակման հարցում Բաքվին ներկայացված առաջարկի ֆոնին, որի մասին նոր է հայտնի դառնում, տարածաշրջանում մի քանի շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ են «միջանցքի» շուրջ։ Նախ Մոսկվան ու Բաքուն սկսեցին խոսել ապաշրջափակումից, ապա Իրանը ամենաբարձր մակարդակով տարածաշրջանի երկրներից պահանջեց հարգել նաև իր շահերը։
Իրանից հնոչղ այդ նախազգուշացումների ֆոնին՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երեկ Թեհրանում վստահեցրել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում։ Սա Մոսկվայից հնչող երկրորդ հավաստիացումն է Իրանին անցած մեկ շաբաթվա ընթացքում։
Մինչ այդ էլ Շոյգուն Մոսկվայում էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանին ասել, թե Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, կողմերը մինչ օրս չեն մանրամասնել։
Արդյոք Հայաստանը որևէ ներգրավվածություն ունի իր տարածքի շուրջ տարածաշրջանի երկրների միջև ընթացող քննարկումներին՝ հարցին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Սոնա Ղազարյանը արձագանքեց՝ Հայաստանը գործընկերների հետ խոսում և ներկայացնում է իր «կարմիր գծերը»։