Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար. Հաջիզադե


Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ Real TV-ի եթերում։

Հաջիզադեի խոսքով՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Դա մեզ մոտ ափսոսանք է առաջացնում. փաստաթղթի 9-րդ կետը հստակ պարտավորություններ է նշում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի», - նշել է դիվանագետը՝ հավելելով.- «Դրանցից մեկն էլ Իրանի տարածքով կապի անցկացումն է, այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակում է ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է»։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Երեկ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել և երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։ Փաշինյանը մեջբերում արեց այդ կետից՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

«Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում լինեն: Չկա այդպիսի բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն», - նշեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG