Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել «Ազատության» վրացական ծառայության աշխատակիցը. հայտնի չէ նրա գտնվելու վայրը


Վերջին ժամերին [ժամը 03:00-ից] «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում լրատվամիջոցի պրոդյուսեր Բեկա Բերաձեն, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել խորհրդարանի հետևի մուտքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ։

«Ազատություն» ռադիոկայանը տեսագրություն ունի, որտեղ Բեկա Բերաձեն մինչ ձերբակալությունը ոստիկաններին հարցնում է, թե ինչու չի ենթարկվում նրանց։ Բեկային բերման են ենթարկել խորհրդարանի հարևանությամբ գտնվող տարածքից։

Նրան տեղափոխել են Ավչալայի ժամանակավոր պահման վայր, այս մասին ոստիկանությունից հայտնել են նրա ընտանիքին։ Սակայն, այս պահին Բեկա Բերաձեի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, բողոքի ցույցերի երրորդ գիշերն էր։ Քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը նոյեմբերի 28-ին վարչապետի հայտարարությունից հետո ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու, ինչպես նաև մինչ այդ ԵՄ բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու վերաբերյալ։

Միայն նախորդ երկու գիշերների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 150 մարդու։ Ձերբակալությունների ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Վիրավորների և բերման ենթարկվածների թվում կան նաև լրագրողներ։ Հոկտեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը բերման ենթարկվածների մասին տեղեկություն ՆԳՆ-ն դեռ չի հրապարակում։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցուցարարների գործողությունների հետևանքով տուժել է 42 աշխատակից։ Ցուցարարները ոստիկանների դեմ հրավառ նյութեր են օգտագործել։

XS
SM
MD
LG