Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղափոխվել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի համալսարանի մոտ։
Հանրահավաքի մասնակիցները կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել անցուդարձն այստեղ։
Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման դեմ դժգոհող քաղաքացիների դեմ արդեն երրորդ գիշերը շարունակ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել։ Հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին, սակայն ստույգ թիվ հայտնի չէ։
Ցուցարարներն իրենց հերթին օգտագործել են հրավառ նյութեր։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցները զանգվածաբար խախտել են հասարակական կարգը, հրավառ նյութեր են նետել դեպի օրենսդիր մարմնի շենք։ Խորհրդարանի շենքի մի քանի սենյակներում հրդեհ է բռնկվել։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները ընդդիմությունը, նախագահ Զուրաբիշվիլին չեն ընդունում, երկրում ստեղծված լարված իրավիճակին հաջորդեցին այս ակցիաները։ Դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028-ի տարեվերջ բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Վարչապետ Իրակի Կոբախիձեի այս հայտարարությունն էլ նախորդել էր Եվրախորհրդարանի՝ Վրաստանում ընտրությունների արդյունքները չճանաչող բանաձևի ընդունմանը։ Եվրախորհրդարանը կոչ է արել խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել և նոր ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկողության ներքո»։
Վաշինգտոնը դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Թբիլիսիի հետ
Իշխանությունների որոշումը միայն փողոցային պայքարի չէ, որ հանգեցրել է. այն բողոքի ալիք է հարուցել նաև Վրաստանի պետական ապարատում։ Հրաժարական են տվել մի շարք դեսպաններ, այդ թվում՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին։ Արտգործնախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կառավարության որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը և ազգային շահերին։ Նմանատիպ մի հայտարարություն են ստորագրել Պաշտպանության նախարարության չորս տասնյակից ավելի աշխատակիցներ։
Միացյալ Նահանգները երեկ հայտարարեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին՝ շեշտելով, որ վրաց իշխանությունների այս որոշումը հակասում է ժողովրդին Սահմանադրությամբ ամրագրված խոստմանը՝ ձգտել լիարժեք ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։
«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը գնահատել է Թբիլիսիի ցույցերին աջակցելու փորձ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չնայած բանակցությունները սառեցնելու հայտարարությանը պնդել է, որ Թվիլիսին հավատարիմ է մնում եվրաինտեգրման իր նպատակին, և երկիրը պատրաստ կլինի անդամակցել միությանը մինչև 2030 թվականը: Բայց, Կոբախիձեն նշել է, որ այդ հարցը Վրաստանի կառավարության օրակարգում չի լինի մինչև 2028-ը։ Իսկ բանակցությունները դադարեցնելու մասով ասել է, որ այսպիսով Եվրամիության հետ բանակցությունների հարցը այլևս հասարակության «շանտաժի և պառակտման» առարկա չի լինի։ Նրա խոսքով՝ բանակցությունների մեկնարկը ֆորմալ որոշում է, որը չի արագացնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Նախագահը հայտարարում է, որ պաշտոնից չի հեռանա
Եվրաինտեգրման ուղուն աջակցող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, երեկ հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը։ Նա ասել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, հետևաբար երդմնակալությունը չի կայանա։
Վրաստանի իշխող ուժը նախագահի պաշտոնում արդեն առաջադրել է ծայրահեղ աջ հայացքներով քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին։ Նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։
Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ պիտի ընտրի 300 հոգուց բաղկացած ընտրիչների հանձնաժողովը, որում 150-ը նորընտիր խորհրդարանի պատգամավորները պետք է լինեն, իսկ 150-ը՝ մարզային պատվիրակներ։