ԱՄՆ նախագահը Ալիևին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:
«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», - գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում, որը հրապարակել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։
«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առևտրի, ներդրումների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության համար», - նշել է Բայդենը։
Նամակը հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած հանդիպումից հետո, որտեղ Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:
Նույն կոչով Բաքվին է դիմել նաև Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», - գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. - «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստողծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։
Մանրամասները տե՛ս այստեղ