Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սատարում են Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը, ասված է երկու երկրների նախագահների՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո հրապարակված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզում»:
Խաղաղությունը Հարավկովկասյան տարածաշրջանում, Ջո Բայդենի և Էմանյուել Մակրոնի համոզմամբ, պետք է հիմնված լինի «միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»:
Պաշտոնական Վաշինգտոնը և Փարիզը սատարում են «հետագա ինտեգրացիան Հարավային Կովկասում՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի ժողովրդի»:
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններ են՝ Ռուսաստանի հետ միասին:
Ադրբեջանի նախագահն օրերս պահանջեց լուծարել Մինսկի խումբը, Հայաստանի իշխանությունը, սակայն, դա պայմանավորում է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
Եվրատլանտյան ուղի վերադառնալու հորդոր՝ «Վրացական երազանք»-ին
Բայդենը և Մակրոնն անդրադարձել են նաև Վրաստանին՝ հայտարարելով, որ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց նվիրվածությունը՝ կանգնելու Վրաստանի ժողովրդի հետ նրա եվրատլանտյան ձգտումներում»:
«Նախագահները հորդորում են «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության իղձերը՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի», - ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում:
Եվրամիության անդամի թեկնածու Վրաստանի խորհրդարանը վերջերս ընդունեց, խորհրդարանի նախագահն էլ, շրջանցելով երկրի նախագահի վետոն, ստորագրեց «օտարերկրյա գործակալի» մասին վիճահարույց օրենքը, ինչն արժանացավ Արևմուտքի խիստ բացասական արձագանքին: