Վարչապետի հայտարարությունը կարող է Բաքվի համար առիթ դառնալ՝ նոր մեղադրանք առաջադրելու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, «Ազատության» հետ զրույցում ասաց հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Ի սկզբանե Բաքվի մեղադրանքները չեն ունեցել որևէ փաստական հիմքեր, և դրանց իրավական հիմնավորումներն էլ են թույլ։ Իհարկե, տարբեր առիթներով Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են հենց Ռուբեն Վարդանյանին։ Նրանք կարող են օգտագործել տարաբնույթ առիթներ, և այս հայտարարությունը ևս կարող է առիթ լինել նոր մեղադրանքների», - նշեց նա, շարունակելով, - Նման հայտարարության բացակայությունը նորից չէր բացառում այլ անհիմն, անհեթեթ մեղադրանքների ներկայացումը Ռուբեն Վարդանյանին»։
Հայաստանի վարչապետն, օրերս պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահին հարցրե՞լ է, թե ինչու Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին ազատ չեն արձակում, ինքն էր մի շարք հարցադրումներ արել․ - «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով»։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նոր մեղադրանք կարող են այս հայտարարությունից բխեցնել Ադրբեջանի իշխանությունները, իրավապաշտպան Սահակյանն ասաց, որ կանխատեսումներ չի կարող անել, քանի որ անգամ այն հանցագործությունները, որոնք այս պահին վերագրվում են, փաստական հիմքեր չունեն։ Սակայն, շեշտեց, որ նմանատիպ հայտարարությունները կարող են օգտագործվել գերիների վերադարձի գործընթացի դեմ։
«Ադրբեջանն այս անձանց պահում է որպես պատանդներ և նմանօրինակ հայտարարությունները կարող են չարաշահվել գերիների հայրենադարձման խնդիրը անհարկի ձգձգելու կամ ուղղակի անհնարին դարձնելու նպատակով», - ասաց Սիրանուշ Սահակյանը։
Վարչապետի հայտարարությունից հետո ադրբեջանական բանտում հարցաքննել էին Արցախի նախկին պետնախարարին։
Համաձայն այսօր նրա գրասենյակի տարածած հայտարարության՝ Ռուբեն Վարդանյանն, ադրբեջանցի քննիչներից տեղեկանալով իր վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին, դրանց իսկությանը չի հավատացել և ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ փորձել է ճշտել դրա իսկությունը։
«Եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի», - համաձայն նրա գրասենյակի՝ ասել է Արցախի նախկին պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի ութ պաշտոնյաները։
Սիրանուշ Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.