Բաքուն պետք է վստահ լինի, որ ադրբեջանական բնական գազը պահանջարկ կունենա Եվրոպայում, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստին։
«Մենք պետք է վստահ լինենք, որ եվրոպական շուկայում մի քանի տարվա ընթացքում դեռ դրա պահանջարկը կլինի», - հավելել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանի ռեսուրսների ծավալները «հայտնի են», բացի այդ ակնկալում են նաև «նոր մեկնարկներ»։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն այսօր, իր հերթին, հայտարարել է, որ Բաքվի և եվրոպական սպառողների միջև կարող են ստորագրվել նոր երկարաժամկետ պայմանագրեր։
Ադրբեջանցի պաշտոնյայի համոզմամբ, այդ պայմանագրերը «Եվրամիության համար կդառնան կարևորագույն երաշխիքներ»։
Նախարար Շահբազովը չի հստակեցրել, որ երկրների մասին է խոսքը։
Բաքուն բնական գազ է մատակարարում 12 երկրների, որոնցից 8-ը Եվրամիության անդամ երկրներ են։