Բաքուն հայկական կողմին ժամանակ է տալիս՝ «եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը չվերցնեք, կհուղարկավորենք Ադրբեջանում»։ Այդ երկրի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը համոզում է՝ «մենք պատրաստ ենք դին փոխանցել»։
«Նախատեսված էր Աղասյանի մարմինը Կարմիր Խաչի միջնորդությամբ փոխանցել հոկտեմբերի վերջին՝ Լաչինի անցակետով։ Հայկական կողմը տեղեկացված էր՝ Կարմիր Խաչի միջոցով։ Երկու ամիս է անցել, հակառակ կողմը չի արձագանքում։ Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցչությունից հաղորդում են՝ հայկական կողմն իրենց չի արձագանքում», - նշված է հայտարարությունում։
70-ամյա Վերա Աղասյանն Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերից էր և այնտեղ մահացած առաջին հայը՝ ըստ բաց աղբյուրների։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նա հոկտեմբերի 20-ին է մահացել, սրտանոթային խնդիրներ ուներ։ Վերա Աղասյանը Խրամորթից էր, համագյուղացիների պնդմամբ՝ հոգեկան առողջության խնդիրներ ուներ:
Կինը 4 զավակ ունի, բոլորը Հայաստանում են, ավելի վաղ «Ազատության»-ը նրա որդիներից մեկն ասել էր, որ մայրն իրենց չի լսել ու մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ անցած Ստեփանակերտում, ի դեպ, նրանց ազգականներից մեկը նույնպես Հայաստան չի եկել։ Ընտանիքը մոր մահից հետո դիմել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ՝ մարմինը այստեղ տեղափոխելու ու հուղարկավորելու խնդրանքով։ Սպասում էին, և հիմա այս մեղադրանքը, թե հայկական կողմը չի ընդունում մարմինը։
Բաքվի հայտարարությունը Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում չեն մեկնաբանում. - «Մենք պատրաստակամ ենք աջակցել կողմերին, ինչպես նաև առաջին հերթին ընտանիքին, այն պահից սկսած, երբ լինի երկկողմանի որոշում և նաև որոշումը հարմար լինի առաջին հերթին նաև ընտանիքին: Սակայն բանակցային գործընթացում, առավել ևս հայտարարություններին, որոնք արվում են այս կամ մյուս կողմից, մենք չենք արձագանքում, քանի որ առաջին հերթին ընդգրկված չենք քաղաքական բանակցություններում այս հարցի շուրջ»:
Ինչո՞ւ մարմինը Հայաստան չի հասնում
Կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատում է՝ Վերա Աղասյանի մահվանից հետո ընտանիքը դիմել է իրենց։ Ինչո՞ւ մարմինը Հայաստան չի հասնում:
«Տպավորություն է ստեղծում հանրային դաշտում, որ ադրբեջանական կողմը տալիս է, մենք չենք վերցնում, ինչն իրականությանը չի համապատասխանում», - ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
Ստեփանյանը շեշտում է՝ Հայաստանում գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը պիտի պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում:
«Կողմերի միջև համաձայնություն պետք է կայանա, համապատասխան հանձնաժողովներ կան, ու կարծում եմ՝ էդ հանձնաժողովները գոնե տեղեկատվության փոխանակման հարցում միմյանց հետ շփում ունենում են: Այդ որոշումն այդ հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կայացվի, այս հայտարարությունը, որը կայացվել է Ադրբեջանի կողմից, որ հայաստանյան հանձնաժողովի պարզաբանմանն ու մեկնաբանմանն արժանանա», - նշեց նա:
Միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ԱԱԾ լրատվական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք, պատասխան առայժմ չունենք։
Բաքվի փորձագետները պնդում են՝ Երևանը ենթադրել է, որ Ադրբեջանը կմերժի ու հայ կնոջ մարմինը չի փոխանցի, և սա կդառնա հայկական կողմի համար շահարկման լավ թեմա COP 29-ին ընդառաջ։
«Սա քարոզչական հերթական հիմարությունն է: Եթե իրապես շահագրգռված են այդ մարմինը փոխանցելու, կարող են շատ հանգիստ միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ այդ ամեն ինչը կազմակերպել ու տեղափոխել այստեղ», - ասաց Գեղամ Ստեփանյանը:
Բաքուն այժմ մեկ հայ կնոջ մարմնի տեղափոխման հարցն է օրակարգ բերել, այնինչ 15 ամիս սեպտեմբերի 19-ի մարտերում զոհվածների մարմինների տեղափոխման հարցն է փակուղում պահում։ Ըստ հայ իրավապաշտպանների՝ մի քանի անգամ հարազատները նույնիսկ ճամփա են ընկել դեպի Լաչինի անցակետ, բայց ամեն անգամ վերջին պահին Բաքուն դրժել է պայմանավորվածությունը։