«Ազատության» զրուցակիցը, որ ներկայանալ չցանկացավ, պատմում է՝ սկեսրայրը 90-ականներին Բաքվից է տեղահանվել, 20 թվին Շուշիից և մեկ տարի առաջ, երբ արցախցիները մեծ գաղթի ճանապարհը բռնեցին, որոշեց մնալ։
«Մի համոզեք, չեմ գալու», - ասաց ու մնաց արդեն ադրբեջանական դարձած Ստեփանակերտում:
Շաբաթը մեկ անգամ տեսակապով զանգում է. - «Սկզբում Կարմիր խաչի միջոցով էր կապ հաստատում, հիմա արդեն էնտեղ կապեր է գտել, բայց անձնական հեռախոս չունի: Տոները հիշում է, երեխաների ծնունդները»:
Հարսն ասում է՝ Արցախում մնացած շուրջ մեկ տասնյակ հայերին սկզբում ադրբեջանցիները տեղավորել են «Դղյակ» հյուրանոցում, բայց հիմա կան մարդիկ, որ արդեն առանձին տներում են ապրում, օրինակ, սկեսրայրը, նրա ընկերը, որ Արցախում մնացածներից ամենաերիտասարդն է, 48-ամյա մի տղամարդ։
Ի՞նչ են պատմում.
«Միշտ փորձում է պոզիտիվ խոսալ մեր հետ, որ ինքը լավ է, բայց մենք չգիտենք իրականությունն այդպես է, թե՝ չէ», - նշեց հարսը:
Շատ հարցեր ընտանիքը չի տալիս և Հայաստանի մասին էլ ոչինչ չեն խոսում:
Կապի միջոցներ այնտեղ մնացած հայերը չունեն, զանգահարում են կացարանի աշխատակիցների հեռախոսներով, քաղաքում զբոսնել կարող են կենտրոնում, Ստեփանակերտից դուրս գալ թույլ չեն տալիս: Ամեն ամիս 200 դոլարին համարժեք մանաթ են ստանում Ադրբեջանի սոցիալական ծառայությունից՝ մի քանի սուպերմարկետ կա, դեղատուն, վարսավիրանոց:
Ընտանիքն այս մեկ տարում բազմիցս փորձել է ի վերջո համոզել ու Հայաստան բերել 5 թոռների այնտեղ մնացած պապիկին, ասել է՝ դուք կգաք:
Պաշտոնական Բաքուն մինչև այժմ չի հրապարակել, թե ի վերջո քանի հայ է մնացել Ստեփանակերտում, այնտեղից վերջին վերադարձողները պատմում են՝ 10-ից մի փոքր ավելի։ Տեղահանումից շաբաթներ անց Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը հայալեզու հարթակ բացեց՝ իբրև թե հայերի գրանցման ու ինտեգրման համար, հաղորդեցին, թե արդեն մոտ 100 հոգի է դիմել... հետո արդեն լռություն է, որևէ տեղեկություն չկա։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից տեղեկացանք այս տարի Ստեփանակերտից 3 հայի են տեղափոխել, իրենց իսկ ցանկությամբ, այժմ էլ եթե ցանկացող լինի, խոչընդոտ չկա։ Արցախի Կարմիր խաչի գրասենյակը փակվել է 32 տարվա աշխատանքից հետո։
«Ապրիլի վերջին մեր գրասենյակը փակվել է Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ ֆիզիկական ներկայություն մենք այլևս այնտեղ չունենք: Անհրաժեշտության դեպքում մարդասիրական հարցերի հետ կապված, կարգավորվում են Բաքվի պատվիրակության միջոցով», - ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը շեշտում է՝ այժմ Ստեփանակերտում ադրբեջանցիները տարբեր ծառայություններ են գործարկել սոցիալական, առողջապահական, բայց եթե այնտեղ մնացած հայերը ինչ-որ բանի կարիք ունենան՝ իրենց ծառայությունը հասանելի է։
Ադրբեջանական դարձած Ստեփանակերտից սոցցանցերում երբեմն տեսանյութեր են տարածվում, որոնցում Արցախից տեղահանվածները ճանաչում են իրենց համաքաղաքացիներին. Միշա Գրիգորյանը, որ ադրբեջանցու տեսախցիկի առջև տարակուսում է, թե ինչու հեռացան հայերը: Ֆրեդ Հայրապետյանը, միայնակ տղամարդ, որ սիրում էր ուղղակի քայլել ստեփանակերտի փողոցներում և հիմա էլ նույնն է անում էլ ավելի կորացած մեջքով։ Ռիտա Ղազարյանը, որ շների կացարանում էր աշխատում ու մնաց իր 50 շան ու տասից ավելի կատուների հետ, 70-ամյա Լարիսա Ստեփանյանը Հադրութից տեղահանված մի կին, որ որոշել է Ստեփանակերտում սպասել Տող գյուղ վերադառնալու օրվան։ Ամենատարեցը՝ 80 անց մի պապիկ է, որի որդիները հեռացել էին՝ խոստանալով վերադառնալ ու հորն էլ տանել։