Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ու Ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) այսօր կոչով դիմել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
ԱԱԾ-ն հորդորել է ընդդիմադիրներին այսօր Երևանում նախատեսվող հանրահավաքի ընթացքում «զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելու կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց»։
ԱԱԾ-ն նախազգուշացրել է՝ ՀՀ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն հանգեցնելու է համապատասխան քրեաիրավական հետևանքների՝ հորդորելով հավաքի մասնակից քաղաքացիներին «դրսևորել իրավահպատակ վարքագիծ և չտրվել սադրիչ գործողությունների»։
ՆԳՆ-ն էլ իր հերթին է հորդորել զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից՝ շեշտելով՝ «հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալտանյանի գլխավորած շարժումն այսօր հանրահավաք է հրավիրել։ Սեպտեմբերի վերջին Երևանում, աջակիցների հետ հանդիպման ժամանակ, սրբազանը հատարարեց՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի ավարտվել, այն նոր է սկսվում»։ Նա ընդգծեց, որ սա լինելու է պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ «հաղթանակով երաշխավորված»։
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվել էին հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:
Փաշինյանի հրաժարականը պահանջող այս շարժումը հունիսի 12-ից հետո առաջին մեծ հանրահավաքն է այսօր հրավիրել: Ամառային դադարի ընթացքում Բագրատ սրբազանը շրջում էր մարզերով, մարդկանց հանդիպում։
Հարահավաքից օրեր առաջ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ընդդիմադիրներին։ Նա հանդիպել է նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։