Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր 4 ժամ ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ այդպես էլ հստակ չասաց՝ որն է լինելու իրենց հաջորդ քայլը, նոր վերջնաժամկետներ չնշեց, պնդեց միայն՝ շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, նորից փողոց են դուրս գալու, տարածվելու ամբողջ հանրապետությունով։
«Պայքարի վերադասավորման փուլ ենք մտել, որևէ ձևով հրապարակը չենք լքելու», - ասաց նա՝ շարունակելով, - «Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչները էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ»։
Քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկումները, հանդիպումները շարունակվում են, քարացած ճանապարհով չեն գնալու, կարևորն արդյունքի հասնելն է, թվարկեց ընդդիմության վարչապետի թեկնածուն՝ շեշտելով՝ քաղաքական բոլոր լուծումները սեղանին են, վարչապետի իմփիչմենթի հարցը՝ ևս։ Նորից պնդեց՝ շարժումը քաղաքական հենարան չունի, սակայն որևէ մեկի հետ համագործակցելու կաշկանդվածություն էլ չունեն։
«Բոլոր փորձերը կապելու «նախկինների» հետ և այլն, սին են և դատարկ», - նշեց նա։
Անցած շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ընդդիմադիր շարժումն առաջնորդում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն և Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Բագրատ սրբազանն ապացույցներ պահանջեց ԱԺ-ի վրա հարձակվելու մտադրության մասին պնդումների առնչությամբ
Այսօր Բագրատ սրբազանը նախ ապացույցներ պահանջեց Ազգային ժողովի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին պնդումների առնչությամբ, ապա հայտարարեց, որ եկեղեցին երբեք ներգրավված չի եղել շարժման մեջ, նախկինների մասին էլ ասաց՝ թաքցնելու բան չունի։
«Հիմա ես մտերմություն ունեմ անդրանիկ նախագահի և՛ ընտանիքի հետ, և՛ չեմ էլ թաքցրել, որ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, մտերմություն ունեմ երկրորդ նախագահի շրջանակների հետ ձեր աչքերի առջև, բոլորովին, բացարձակ խնդիր չկա, երրորդ նախագահի բոլոր շերտերի հետ մտերմություն ունեմ, և այս նախկին ասվածը… Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ», - հայտարարեց նա։
Իշխանությունը պատրաստ է ամեն ինչի՝ աթոռը պահելու համար. Բագրատ Գալստանյան
Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին, երբ Ազգային ժողովի մոտ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցների միջև ընդհարումներ եղան, Գալստանյանը հայտարարեց՝ դա ջրբաժանն էր. նետված լուսաձայնային նռնակները, ըստ նրա, վկայում են՝ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի՝ աթոռը պահելու համար։
Իշխանությունից շարունակում են պնդել, թե համաչափ ուժ է կիրառվել, թեև այդ օրը 100 մարդ վիրավորվեց, տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտեցին ոստիկանության գործողությունները։ Բագրատ սրբազանն այսօր էլ հայտարարեց, որ իրենց աջակիցների նկատմամբ ճնշումները շարունակվում են։
«Հարցեր ունենք Սուրենին»
Անդրադարձավ նաև շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, որ հունիսի 12-ից հետո այլևս չի հայտնվել Բագրատ սրբազանի կողքին։ Արքեպիսկոպոսը նրա հետ վերջին անգամ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, որի ընթացքում Պետրոսյանն ասել է, թե առևանգել էին իրեն։
Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին, որ Պետրոսյանի առևանգման մասին հաղորդում չունեն, ոստիկաններն էլ նրան հունիսի 12-ին բերման չեն ենթարկել։ Սուրեն Պետրոսյանը դեռ 5 օր առաջ Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ իր ուղուց չի շեղվել: Հավելյալ մեկնաբանություն նրանից ստանալ չի հաջողվել։
«Հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել ամբողջության մեջ և նաև որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ», - նկատեց արքեպիսկոպոս Գալստանյանը։
4 ժամ ընթացող ասուլիսի ընթացքում «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդն ամփոփեց ամիսներ առաջ սկսված շարժումը, կրկին մանրամասն անդրադարձավ հատվածական սահմանազատման գործընթացին, որն էլ հենց բողոքի ալիքի պատճառ դարձավ։ Հունիսի 21-ին Բագրատ սրբազանը մեկնելու է Կիրանց։ Թե որն է հաջորդ քայլը, ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածուն փակագծեր չբացեց, հորդորեց սպասել։