Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորները չներկայացան ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին. քվորում չապահովվեց


Այսօր 18:30-ին նախատեսված ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին իշխանական պատգամավորները չեկան, գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր, քվորում չապահովվեց:

Ընդդիմադիրները նիստը են հրավիրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձի նախագիծը քննարկելու համար։ Որպեսզի այդ քննարկումը տեղի ունենար, առնվազն 54 պատգամավոր պետք է ներկայանար՝ քվորում ապահովվի։ Իսկ սա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նիստը կայանալ չի կարող։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ականները չեն ներկայացել, քանի որ «ընդդիմության օրակարգը չեն սպասարկելու, կառավարությունը լեգիտիմ է, հետևաբար կառավարության հրաժարականի հարց չեն քննարկելու:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախորդ շաբաթ միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ ԱԺ խորհուրդը մերժել էր խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի` «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի օրակարգով։

Նիստը հրավիրելու մասին խոսել էր վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բաղրամյան պողոտան մի քանի օր փակելով։

Ալեն Սիմոնյան պնդեց՝ վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ Գլաստանյանի շարժումը նպատակ ուներ հունիսի 12- ին հարձակվել Աժ -ի վրա, իսկ թիրախում վարչապետն է եղել և մյուս պաշտոնյաները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց՝ սա սահմանադրական կարգի տապալման փորձ էր: Նա ասաց, որ պայքարը շարունակվում է, բայց այս պահին հրաժարվեց նշել, թե պայքարի ինչ ճանապարհ են ընտրելու:

«Աբսուրդ է, սուտ է, դրանով փորձում են արդարացնել իրենց հանցավոր վարքագիծը», - ասաց Արծվիկ Մինասյանը արձագանքելով Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե հունիսի 12-ին ցանկացել են հարձակվել Ազգային ժողովի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG