Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրություններում կոալիցիա կազմելու սահմանափակում չի լինի. ի՞նչ փոփոխություններ են ուժի մեջ մտել

Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրական գործընթացին վերաբերող օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են արվել, որոնք 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ մտնել են ուժի մեջ՝ ձևավորելով խաղի նոր կանոններ ընտրապայքարի նախապատրաստվող քաղաքական ուժերի համար:

Հանվել է հետընտրական կոալիցիա կազմելու թվային սահմանափակումը

2021 թվականի գարնանն ընդունված, բայց հանրապետության նախագահի՝ հերթական ընտրության օրը նշանակելու հրամանագրից հետո ուժի մետ մտած առանցքային փոփոխություններից մեկով հանվել է հետընտրական կոալիցիա կազմելու թվային սահմանափակումը: Եթե մինչև այս խորհրդարան անցած ուժերից մեկին կոալիցիա կազմելու համար կարող էր միանալ ընտրական շեմը հաղթահարած առավելագույնը երկու ուժ, այժմ նման սահմանափակում չկա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, սակայն, ընդգծում է՝ կոալիցիա կազմելու հնարավորություն առաջինը ստանում է ամենաշատ քվե ստացած ուժը: Եթե 9 օրվա ընթացքում չի ձևավորվում կոալիցիա, որի արդյունքում ձայների քանակը կդառնա 52 տոկոս, ապա հաջորդող 5 օրերին այդ հնարավորությունն արդեն տրվում է ավելի քիչ ձայներ ստացած կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքին:

«Եթե չի ստացվում, եթե չեմ սխալվում, 5 օր կամ 6 օր ժամանակ է տրվում արդեն եթե ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում իր շուրջ կոալիցիա ձևավորել, արդեն դրանից հետո հնարավորություն է տրվում մյուս քաղաքական ուժերին, որպեսզի իրենք կարողանան կոալիցիա ձևավորել: Այստեղ չկա սահմանափակում», - ասաց Հոկտանյանը:

Քաղաքական ուժերն այս փուլում ընտրություններին մասնակցելու ձևաչափերն են որոշում, սակայն հետընտրական հնարավոր համագործակցությունների մասին նախընտրում են դեռ փակագծեր չբացել: ՔՊ-ից արդեն դեմ են արտահայտվել ընդդիմադիր ուժերի միավորմանը. նրանք դա անվանում են Գյումրի 2 ու պնդում, թե նախկիններն ու օլիգարխներն են այդպես վերադառնալու իշխանության: Ընդդիմադիր դաշտում տարակուսում են՝ ի՞նչ հանցանք կա միավորվելու մեջ և ինչպե՞ս են դա արգելելու:


2021-ին նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների կողմ քվեներով է ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հնարավորություն է ստեղծվել անցողիկ շեմը հաղթահարած ուժերին միավորվել՝ առանց որևէ սահմանափակման:

Փոխվել է կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը

Սա միակ առանցքային փոփոխությունը չէ, որ ընդունվել է և առաջին անգամ գործելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Փոխվել է նաև կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը: Եթե նախկին կարգավորումներով՝ կուսակցության դեպքում անցողիկ շեմը 5 տոկոսն էր, այժմ այն նվազել է՝ դառնալով 4: Նույնը չի մնացել նաև կուսակցությունների դաշինքների համար անցողիկ 7 տոկոսը:

«Դաշինքների պարագայում 7 տոկոսը դառնում է 8, բայց դա մինչև երեք կուսակցությունից բաղկացած դաշինքների դեպքում, իսկ երեքից ավելիի դեպքում դառնում է10 տոկոս», - նշեց ԿԸՀ նախագահը:

Առաջադրումների համար երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ մի կուսակցություն դաշինքով մասնակցելու որևէ հստակ հայտարարություն չի արել: Փոխարենը՝ տարբեր քաղաքական գործիչներ միավորվում են որևէ քաղաքական ուժի շուրջ: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դաշինք, այլ քաղաքական «Նոյյան տապան» է ձևավորում: Դաշինքների դեպքում անցողիկ շեմի բարձրացմամբ ընտրական փոփոխությունները չեն սահմանափակվում: Նաև ընտրագրավի չափն է ավելացել՝ 10 միլիոնից դառնալով 15: Կուսակցությունների համար հակառակը՝ 10 միլիոնից դարձել է 7.5 մլն:

«Կուսակցությունների պարագայում մի փոքր իջեցվեց՝ 2,5 միլիոն դրամով, իսկ դաշինքների պարագայում՝ կրկնակի բարձրացվեց», - ասաց Վահագն Հովակիմյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ընտրական ցուցակների ձևավորմանը, 2021-ին ընդունված և նոր ուժի մեջ մտած փոփոխություններով կուսակցությունների կամ դաշինքների առաջին 30 համարը պետք է հաստատի համագումարը. «Ըստ էության, առաջին անգամ է կիրառվելու այս ընտրություններում: Էլի 21-ից էր այս փոփոխությունն արվել, բայց չէր կիրառվել»:

Բարեգործության արգելք

Այժմ, սակայն, ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ուժերն առավել շատ մտահոգված են Ընտրական օրենսգրքում արված մի փոփոխությամբ, որն առաջին անգամ է կիրառվելու համապետական ընտրություններում: Խոսքը բարեգործության արգելքի մասին է: Այս կարգավորմամբ՝ այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ ղեկավարվում են այդ կուսակցությունների կողմից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել:

«Իմաստը, որ բարեգործական կազմակերպությունները, որոնք ինչ-որ կերպ կապվում են քաղաքական ուժերի թեկնածուների հետ, ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից այլևս չիրականացնեն բարեգործություն», - ընդգծեց Հովակիմյանը:

Իշխանությունից ահազանգում են, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմից ուսանողներին խոստանում են ուսման մեկ տարվա վարձ վճարել, ընդդիմությունից հակադարձում են՝ նույն այս փուլում վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն էլ անգլերենի դասընթացներ է խոստանում:

ԿՀԸ նախագահն այստեղ խնդիր չի՞ տեսնում. «Ես զերծ կմնամ կոնկրետ դեպքերով... որովհետև այդ դեպքերով, որ ասում եք, Հակակոռուպցիոն կոմիտեից ճշտեք, ես երևույթն եմ ասում, որովհետև դա ԿԸՀ-ի գնահատման դիրույթը չի»:

Վահագն Հովակիմյանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամներից էր, նաև չի կարծում, թե անհավասար պայմաններ են, երբ պետական և համայնքային աշխատողներն այս փուլում տարբեր ծրագրեր կարող են իրականացնել և խնդիր չունենալ օրենքի հետ, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում իրավիճակն այլ է: Օրինակ՝ Սյունիքի մարզպետը փետրվարի 9-ի որոշմամբ մարդկանց գումար է բաժանել՝ ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամ:

«Այդտեղ կարող է մի դեպքում խնդիր իրավապահները գնահատեն, եթե տեսնեն, որ երբևիցե ինքը նման բան չի արել, առաջին անգամ որոշել է այդպիսի բան անի ընտրությունները նշանակելուց հետո: Այստեղ կարող են իրավապահները խնդիր տեսնել, բայց երբ որ պետական պաշտոնյան. որը իր բնական գործունեությունն է ծավալում, այդ բնական գործունեության ծավալման մեջ բերել փորձել կապել էս խնդրի հետ.... սա արդեն ստացվելու է ավելի շատ օրենքի կարգավորումը շահարկել, իմաստազրկել: Այսինքն, բերել դա նաև պետական կառույցների աշխատանքի վրա տարածել, որպեսզի այդ կարգավորումը դառնա անիմաստ», - ասաց Հովակիմյանը:

Քաղաքական ուժերի գրանցումները ԿՀԸ-ում կավարտվեն մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին:




XS
SM
MD
LG