Մատչելիության հղումներ

«Նարեկ Կարապետյանը անցումային ժամանակահատվածի երաշխավորն է լինելու». իշխող ՔՊ-ն այս սցենարը «ցնորամիտ» է որակում

Լրացված

Չնայած «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն է, սակայն կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:

«Կարապետյան Նարեկը հանդիսանալու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի իրականացվի սահմանադրական փոփոխությունը Ազգային ժողովի կողմից», - ասաց «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արամ Վարդևանյանը:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց. «Հնարավոր չի իրենց ցնորամիտ, հակասահմանադրական, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայկական մտքերն իրականացնել»:

Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:

Սահմանադրության 148 -րդ հոդվածը հստակ սահմանում է՝ վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և վերջն 4 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում: Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում: Հետևաբար նորաստեղծ ուժը մտադիր է հաղթել ընտրություններում, որից հետո փոխել վարչապետին վերաբերվող սահմանադրական դրույթը և Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ:

Մինչ այդ, նախատեսում են, որ անցումային ղեկավարի կամ վարչապետի պարտականությունը կկատարի Նարեկ Կարապետյանը:

«Ճանապարհային քարտեզը հենց կայանում է նրանում, որ Նարեկ Կարապետյանը կգլխավորի ցուցակը, այնուհետև կգլխավորի հենց նաև Սահմանադրական փոփոխության գործընթացը», - ասաց Վարդևանյանը:

«Ազատության» հարցին՝ ստացվում է, որ նա պետք է լինի վարչապետ, հետո հրաժարական տա, և վարչապետ նշանակվի Սամվել Կարապետյանը, սա՞ է սցենարը, նա պատասխանեց. «Ձեր նկարագրածը իրենից ենթադրում է անցումային համակարգողի և տրված խոստման երաշխավորի գործառույթ, ես ուզում եմ, որ մենք դրանք նայեք ոչ թե պաշտոնների ձևակերպումով, այլ գաղափարի»:

«Ուժեղ Հայաստան» կոչվող կուսակցությունը, որը հիմա անցումային համակարգողի կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ, հետևաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են: Հայաստանում այլևս անցել են այդ ժամանակները, երբ որ ԺԷԿ-ի թղթով կարող էիր գալ ու նախագահի թեկնածու դառնալ», - նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ն այսօր շտապել է արձագանքել Սամվել Կարապետյանին վարչապետ դարձնելու «Ուժեղ Հայաստանի» այս սցենարին, պնդելով, թե Նարեկ Կարապետյանին անցումային ղեկավար կարգելով ուղղակի մոլորեցնում են հանրությանը:

«Եկել են մեր ժողովրդին ի՞նչ են խաբում, ինչո՞ւ են մոլորեցնում և ինչո՞ւ են փորձում դաշտ նետել մի անուն, որի շուրջ կփորձեն բարեգործական իմիտացիներով հավաքել ընտրազանգված», -նշեց Արուսյակ Մանավազյանը:

Արձագանքելով իշխող ՔՊ -ից հնչող քննադատություններին՝ «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արամ Վարդևանյանը հակադարձում է՝ իրենք ի տարբերություն այսօրվա իշխանությունների, հանրությանը բաց ներկայացնում են իրենց ծրագիրը:

«Ես չեմ տեսել թույլատրելի մի իրավական ռեժիմ, որ օրինակ՝ կուսակցության նախընտրական ծրագրում ներկայացվի, որ Արցախը պետք է լինի հայկական, պետք է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա իրականացվի, այնուհետև ճիշտ հակառակը կատարվի, Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում ու դրանից հետո խոսել մոլորության մասին», - նշեց Վարդևանյանը:

Փաշինյանը 2018-ին148 -րդ հոդվածը «վնասակար և վտանգավոր էր համարում»

Ինչ վերաբերում է խորհրդարանի միջոցով Սահմանադրական դրույթը փոխելու իրենց մտադրությանը, ապա «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հիշեցնում է՝ ոչ վաղ անցյալում, դեռևս 2018-ին, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր պնդում, որ Սահմանադրության 148 -րդ հոդվածը պետք է փոխվի:

«Սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է. սահմանադրական այս դրույթը վնասական և վտանգավոր եմ համարում և առաջիկայում պետք է քնարկումներ սկսել սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու, այս էական խոչընդոտը վերացնելու մասին», - հայտարարել է Փաշինյանը:

«Ինչպես իրավացիորեն ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ 148-րդ հոդվածն իսկապես խնդրահարույց հոդված է Սահմանադրության մեջ տեղ գտած՝ իր իսկապես անտեղի սահմանափակումներով», - ընդգծեց Արամ Վարդևանյանը:

Ի դեպ, «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավի ընթացքում ունենալու է Սահմանադրության փոփոխության նախագծի իր տարբերակը, որը կներկայացվի հանրությանը:

ՔՊ ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե 60-ամյա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական ցուցակը գլխավորում է նրա եղբորորդին, ապա շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով իշխող ՔՊ-ի 274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամենաշատը ՔՊ-ականները հենց նրան են ձայն տվել: 932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել: Այսինքն, շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի օգտին:

Ամենաշատ հավաքած ձայներով 2-րդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է՝ 780 քվեով, ապա էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը, նրան հաջորդում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Վահագն Ալեքսանյանը, 6 -րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կնոջորյանը, 9 -րդ տեղում ԱԺ նախագահ Ալենն Սիմոնյանն է, տասնյակը եզրափակում է Արսեն Թորոսյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը 22 -րդ է ցուցակում, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 27-րդը:

ՔՊ- նախընտրական այս ցուցակը, սակայն, վերջնական չէ, առաջիկայում ևս մեկ քվեարկություն սպասվում է, այս անգամ ցուցակի առաջին 50 տեղերում ընդգրկված պատգամավոր թեկնածուների համար, այդ ժամանակ կորոշվի նաև վարչապետի թեկնածուն:

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, սակայն վերջնական որոշումը կայացվելու է հարցումների միջոցով:

«Պետք է փակենք խայտառակության և պարտության էջը». «Մայր Հայաստանը» ընտրությունների կմասնակցի ԲՀԿ-ի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի իր 3 թեկնածուների անունները դեռևս գաղտնի է պահում: Առայժմ գործարարի շուրջ են համախմբվում տարբեր ուժեր և անհատներ:

Հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի հետ միասին կմասնակցի «Մայր Հայաստանը»: Դրանից առաջ Ծառուկյանին միանալու մասին էր խոսել «Դեմոկրատական այլընտրանքը». «Դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած առաջարկ Հայաստանին ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է հենց այդ ծրագրով «Բարգավաճ Հայաստանի» հետ մասնաբար»



XS
SM
MD
LG