Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը վավերացնելու հարցը, ընդդիմությունը բոյկոտեց քննարկումը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովը քննարկում է հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը վավերացնելու հարցը։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն է տվել նախագծին։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին կանոնակարգի քննարկումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է, հակաօրինական է և չի առնչվում ազգային, պետական շահերի պաշտպանության հետ։

«Երեկ տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որը քննարկել է այս կանոնակարգը, և մեր համոզումները, որ սրանք չեն բխում մեր ազգային, պետական շահերից և հակաօրինական գործընթաց են, ամրապնդվեցին։ Որովհետև ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, այդ հարցերը մնում են օդում կախված», - հայտարարեց Ռուստամյանը՝ շեշտելով, որ ԱԺ-ն ձեռնամուխ է լինելու կանոնակարգի վավերացմանն այն պայմաններում, երբ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։

Ռուստամյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն այս «հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»՝ ո՛չ քվեարկությանը, ո՛չ քննարկմանը։

Նախօրեին խորհրդարանի հանձնաժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ մտավախություն չունի, թե Բաքուն այն չի վավերացնի:

Եթե ամեն դեպքում նման բան տեղի ունենա, ապա, փոխվարչապետի հավաստմամբ, վավերացնելուց հետո կողմերն ունեն վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ ծանուցումների բնօրինակներով Երևանն ու Բաքուն փոխանակվեն:

«Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի», - ասել է Մհեր Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG