Մատչելիության հղումներ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ինտենսիվ հարցաքննում են. փաստաբան


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին վերջին 15 օրվա ընթացքում 4 անգամ հարցաքննության են կանչել: Այսօր էլ մի քանի ժամ նա Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով:

«Լինելով բազմազբաղ՝ ինքն ամեն մի հարցաքննությանը մասնակցում է», - ասաց նրա փաստաբան Ռոման Երիցյանը՝ հավելելով՝ նրան ինտենսիվ հարցաքննում են:

Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:

Շահրամանյանն այս գործով վկայի կարգավիճակում է, լրագրողներին ասաց փաստաբանը: Նա գործի բովանդակությունից մանրամասներ չհայտնեց, ինչ հարցեր ունեին քննիչները, փաստաբանը չհրապարակեց՝ նախաքննության շահերից ելնելով: Իսկ ինչո՞ւ են Սամվել Շահրամանյանին իրավապահները հիշել քրեական գործից երկու տարի անց, փաստաբանն էլ է մտահոգված:

«Իրավական տրամաբանությունը հուշում է այն, որ 2023թ. նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահը երևի թե պիտի լիներ առաջին անձանցից մեկը, ով այս վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվեր», - ասաց Երիցյանը:

Գործը հարուցվել է Արցախի հայաթափումից մեկ ամիս անց՝ 2023-ի հոկտեմբերի սկզբին: Շահրամանյանին առաջին անգամ հարցաքննության են կանչել այս տարվա մայիսի կեսերին:

Սամվել Բաբայանը Արցախը հայաթափվելուց օրեր անց իրավապահներին հորդորել էր քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար: Նրան էլ են հարցաքննում: Ի՞նչ դիրքորոշում է հայտնել Բաբայանը, Ռոման Երիցյանն ասաց՝ գիտեն, պարզապես չեն կարող նախաքննական տվյալները հրապարակել ու հրապարակային ասել՝ դրանց հետ համաձայն են, թե ոչ:

Սամվել Շահրամանյանի լիազորություններն անցած ամիս ավարտվել են, ու Արցախի պատգամավորները պատրաստվում են ընտրությունների: Արցախցի պատգամավորների խոսքերից տպավորություն է, որ կարծես նրա թեկնածության շուրջ համաձայնություն կա: Ռոման Երիցյանն ասաց՝ իր տեղեկություններով՝ ընտրվելու է նոր նախագահ, ինչի մասին շուտով կհրապարակվի:

Սա միակ վարույթը չէ, որով հարցաքննել են Սամվել Շահրամանյանին: Մի քանի այլ վարույթով էլ են կանչել:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG