Արցախի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրումներ դեռ չկան։ Երրորդ օրն է՝ թեկնածուների գրանցումն սկսված է։ Մայիսի 21-ին՝ հենց այն օրը, երբ լրանում էր Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը, Արցախի խորհրդարանականները ուշ երեկոյան արտահերթ նիստ են հրավիրել, խորհրդարանի նախագահ ընտրել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Աշոտ Դանիելյանին։
Շուրջ երկու տարի է՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի խորհրդարանի ղեկավարը, ադրբեջանական գերության մեջ է։ Արցախի այս պետական մարմնի կենսունակությունը պահպանելու հարց կա, շեշտում է պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Աշոտ Դանիելյանը միակ թեկնածուն է եղել և ընտրվել է միաձայն։ Արցախի խորհրդարանականները երկու օր է՝ գերադասում են նախագահի թեկնածության շուրջ քննարկումներ չծավալել։ «Ազատության» տեղեկությամբ՝ բոլոր 5 խմբակցությունները կոնսենսուս ունեն Սամվել Շահրամանյանին առաջադրելու և ընտրելու վերաբերյալ։ «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը շեշտում է՝ կոնսենսուս կա մի հարցում՝ կտրուկ ու ցավոտ պրոցեսների չգնալ։
«Մենք դասական իրավիճակում չենք, Արցախում չենք, որտեղ ուղղակի քաղաքական պրոցեսներ կարող են տեղի ունենալ, ցանկացած քայլ պիտի այնքան հաշվարկված լինի, որ պիտի տանի միայն դրական ուղղության, հետևաբար այո, իհարկե, կա կոնսենսուսը», - ասաց նա:
«Գործում ենք շատ հաշվարկված, որպեսզի Հայաստանում այս հարցը չշահարկվի»,- ընդգծեց պատգամավորը։
Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով անընդունելի են համարել այն, որ հայաթափված ու լուծարված Արցախը շարունակում է պետական ինստիտուտներ ունենալ։
«Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակել՝ եթե որևէ մեկը իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։
«Մեր նպատակը ոչ թե Հայաստանում իշխանություն ունենալն է, կամ ինչպես իրենք են ներկայացնում, երկրորդ իշխանություն ստեղծելը, բնավ չկա, մեր նպատակները լրիվ այլ են, և շատ լավ կլիներ, որ Հայաստանում լինեին իշխանություններ, որոնք մեզ չէին դնի այդպիսի ծանր իրավիճակում, և մեր իրավունքների բարձրաձայնելու մասով օգուտ կտային և մեզ հետ կլինեին», - նշեց նա:
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն այս հարցն անհարկի շահարկում է՝ Արցախի պետական մարմինների ներկայացուցիչները՝ իրենք, հայկական օրակարգի որևէ հարց չեն քննարկում, միայն արցախցիների իրավունքների հարցն են փորձում առաջ մղել։
Սամվել Շահրամանյանը, ըստ Աղաբեկյանի, քաղաքական խոսք չի ասում, այլ նախագահ է պետք
Արցախի խորհրդարանի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը չի կարծում, որ Սամվել Շահրամանյանն է այն մարդը, որ առաջ կմղի արցախցիների իրավունքները, նախագահի պաշտոնում նրան տեսնել չի ցանկանում։
«Ներքաղաքական դերակատարների հետ եմ երկու հոգու հետ խոսել, մեկը մերժել է, երկրորդը բանակցությունների փուլում եմ», - նշեց նա:
Եթե իր ցանկալի թեկնածուն չհամաձայնի էլ, միևնույնն է՝ Շահրամանյանին դեմ է։ Ըստ Աղաբեկյանի՝ տարածք չունեցող նախագահը երկու գործառույթ ուներ ու երկուսն էլ չի իրականացրել, նախ՝ իրավական համակարգված աջակցությունը տեղահանվածներին։ Մյուսը՝ Սամվել Շահրամանյանը, ըստ պատգամավորի, քաղաքական խոսք չի ասում, միայն մերթընդմերթ ընդհատում է լռությունը, երբ հենց Արցախի ներկայացուցչության մոտ կտրուկ սրացումներ են լինում։
«Երկու-երեք անգամ է այդ ակտիվությունը ցուցաբերվել, դրանից առաջ էլ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել», - նկատեց նա:
Չի ընդունում նաև այն, որ այս պահին անաղմուկ ու անցնցում պրոցես է պետք։
Խորհրդարանը 10-օրյա ժամկետում պիտի Արցախի նախագահ ընտրի, այսինքն՝ մինչև մայիսի 31-ը։ 33 պատգամավորներից 22-ը կողմ քվեարկի՝ Շահրամանյանը կշարունակի պաշտոնավարել։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.