Իրավիճակը վերջին 2 տարիներին չի փոխվել, «Ազատության» հետ զրույցում ասաց անվտանգության և հակամարտությունների հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների և Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալից հայտարարությունների մասին։
Ըստ նրա՝ դեռ հետևյալ պատկերն է՝ Ադրբեջանն ունի կոնկրետ ռազմական առավելություն, և «դա արտահայտվում է ոչ միայն սեփական ռազմական ռեսուրսների հզորությամբ, այլև ռազմավարական վայրերում, այդ թվում՝ Հայաստանի ներսում ադրբեջանական ուժերի առկայությամբ»։
Օլեսյա Վարդանյանը նկատեց՝ վերադառնում ենք հին իրականությանը. «Մինչև 2020 թվականի պատերազմները՝ երբ մի կողմից խաղաղ բանակցություններ էինք վարում, իսկ մյուս կողմից պարբերաբար ինչ-որ միջադեպեր, կամ գուցե ավելի մեծ սրացումներ էին լինում։ Բայց սկզբունքորեն, անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվում, և ինչ սպառնալիքներ են հնչում, ցավոք սրտի, ամեն ինչ մեծամասամբ դեռևս կախված է միայն արտաքին գործոններից և այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում կա՛մ մեր կողքին, կա՛մ էլ մի փոքր ավելի հեռու՝ որոշ արևմտյան մայրաքաղաքներում կամ Ռուսաստանում»։
Ըստ նրա՝ այդ հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, և դրանց պետք է ուշադրություն դարձնել, բայց «սկզբունքորեն սա ինչ-որ իրականություն է, որով մենք ուղղակի պետք է ապրենք»։
Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահը մի շարք սպառնալից հայտարարություններով հանդես եկավ, դրանից երկու օր անց Հայաստանի վարչապետը խաղաղություն հաստատելու համար Երևանի անունից 12 կետանոց առաջարկ էր հրապարակել, դրանցից ամենավերջինը Մինսկի խմբի լուծարումն էր։ Այս պահանջը տևական ժամանակ ադրբեջանական կողմն էր դնում։
Հարցին, թե Ալիևի հայտարարությունը չէ՞ր անվանի պատերազմի նախապատրաստություն, Վարդանյանը պատասխանեց. - «Հենց նրա ասածն է, որ սահմանում է այն, ինչ ես փորձում էի Ձեզ ասել՝ Հայաստանում և Ադրբեջանում ապրող հասարակությունների կամ մարդկանց միջև հակամարտությունը մեծ մասամբ պահպանվում է, և նույնիսկ տեսնում եք, որ այն ֆոնին, որ Լեռնային Ղարաբաղը վերացավ, հայ բնակչությունը ստիպված էր տեղափոխվել Հայաստան, այն ֆոնին, որ Հայաստանը պարտվեց պատերազմում և զիջումների գնաց շատ ուղղություններով... այս բոլոր պայմաններում մենք դեռ ունենք մի իրավիճակ, երբ հաշտեցում որպես այդպիսին չի լինում։ Եվ մենք դեռ ունենք կոնֆլիկտային իրավիճակ, որը գնում է կա՛մ ավելի մեծ սրման. կա՛մ հնարավոր մեծ էսկալացիաների՝ պատերազմի ուղղությամբ։ Ցավոք, տեղի չի ունենում որևէ բան, որ կնպաստեր, ասենք, ինչ-որ հարաբերությունների հաստատմանը և տեղական մակարդակով կայունության պահպանմանը»։
Իսկ կարծո՞ւմ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը դեռ գոյություն ունի՞, քանի որ Հայաստանում նորից հիշել են դա՝ որպես միջանցքը ուժով բացելու այլընտրանք, փորձագետն ասաց. - «Մենք պետք է հասկանանք մի բան. Ադրբեջանի և նրա զինուժի դիրքերը Հայաստանի հետ սահմանին կամ Հայաստանի հետ առաջնագծում նրան այնքան լուրջ առավելություն են տալիս, որ ռազմական գործողության դեպքում կարճ ժամանակում նա կարող է հասնել լուրջ հաջողությունների։ Եվ նմանատիպ մարտական դիրքեր կան թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Սևանի մոտ։
Նկատի ունեմ Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ և իհարկե Ներքին Հանդ գյուղին մոտ գտնվող դիրքերը։ Այսինքն՝ այս իրավիճակը, որ մենք ստացանք 2020 թվականի պատերազմի, իսկ հետո նաև՝ 2022-ի էսկալացիայի հետևանքով, չի փոխվում։ Ես հնարավորություն ունեցա այցելել այս վայրերից մի քանիսը անցյալ ամառ: Ինձ համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր ներկայությունն այնտեղ, այլև ամրացնում է դիրքերը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատության» տեսանյութում.