Մատչելիության հղումներ

Առողջապահական ապահովագրությունն այլևս չի հետաձգվի և հունվարի 1-ից կսկսի գործել

Լրացված

Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Խորհրդարանն առաջիկայում անհետաձգելի ընթացակարգով կքննարկի առողջապահական ապահովագրության նախագիծը, որը Կառավարությունը համարում է անկախությունից ի վեր իրականացվելիք ամենամեծ բարեփոխումը: Այսօր Կառավարության կողմից արդեն հաստատված նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ համակարգը երկու անգամ արդեն հետաձգել են, այլևս մտադիր չեն հետաձգել, ու որ 2026-ի հունվարի 1-ից կսկսի գործել:

«Ընկալում է եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդնել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան: Մենք մեր քաղաքական պրոցեսները պետք է տանենք առաջ», - հայտարարեց վարչապետը:

Առաջին փուլի շահառուները մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացածները, հաշմանդամություն և անապահովության բալլ ունեցող քաղաքացիները, որոնց համար վճարվելու է պետական բյուջեից։ Իսկ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներն ամեն ամիս 10 հազար 800 դրամ կվճարեն պարտադիր ապահովագրական համակարգից օգտվելու համար:

Կառավարության անդամները հայտարարում են, որ առողջապահական համընդհանուր ապահովագրությունը գոնե առաջին փուլում չի ծածկի բոլոր առողջապահական ծախսերը, այլ՝ դրանց 30 տոկոսը։ Ընդ որում, որոշ ծառայությունների դեպքում կտրամադրվի մասնակի ֆինանսական աջակցություն: Բայց օրենքի հեղինակները պնդում են, թե ներառել են ամենապահանջված ծառայությունները:

«Օրինակ՝ պետությունը ինձ տալիս է դեղ, ես էդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ գնում եմ ուրիշ դեղ, որովհետև ես դա եմ ուզում: Մենք ասում ենք՝ շատ լավ, էն պետության որոշված դեղի, կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ, գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ, ունեք հնարավորություն կամ ցանկություն՝ ավելացրեք ձեր կողմից և գնացեք վերցրեք էդ դեղը: Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունքն ենք ցուցաբերում, ասում ենք՝ մենք էդ դեղի համար տալիս ենք էսքան փող», - մանրամասնեց Փաշինյանը;

«Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջընսի, էմերջընսիում ասում են՝ «դուք այս ծառայության կարիքը, ցուցումը չունեք, պիտի հանձնեք որոշակի անալիզներ, և պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում հանձնեք դրանք»: Պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող: Բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի, և, այո, նա պետք է վճարի այդ ծառայության համար», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե քաղաքացին համոզված է, թե իրեն հիվանդանոցային բուժում է հարկավոր, մինչդեռ բժիշկներն այդ անհրաժեշտությունը չտեսնեն: Արդյո՞ք կփարատվի քաղաքացու անարդարության զգացումը, կամ չեն լինի չարաշահումներ, երբ չմատուցված ծառայությունները գրանցվեն որպես մատուցված, կամ ավելի քիչ մատուցելու դեպքում ուռճացված տվյալներ լրացվեն: Նմանատիպ դեպքերով նախկինում քրեական գործեր են հարուցվել բժշկական կենտրոնների հետ կապված: Գործադիրի ղեկավարի այս հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարն ասաց. - «Ըստ էության, սա էլ գործելակարգերի թվային լինելու և այդ քայլաշարերը պարզ՝ թե՛ բժշկական կենտրոնի համար և թե՛ ապահովագրական հիմնադրամի համար պետք է փոխհամաձայնեցված լինի, որ, ինչպես ասում եք, մենք անհասկացողությունների հնարավորինս քիչ ծավալ ունենանք»:

Պետության կողմից ապահովագրավճարով փակվելիք ծառայությունների ամբողջական ցանկն այս պահին դեռ հրապարակված չէ: Բայց պաշտոնյաների խոսքերից պարզ է, որ ապահովագրությունը հիմնականում գործելու է պոլիկլինիկական ծառայությունների և անհետաձգելի դեպքերի համար, որոնց մեծ մասն այժմ այսպես թե այնպես անվճար է, հատկապես երեխաների և խոցելի խմբերի համար:

Այն, որ գործող անվճար ծառայությունները հաջորդ տարվանից ապահովագրության տակ կմտցվեն, այսօր Կառավարության նիստում խոսք չգնաց: Դրա փոխարեն, գործադիրի անդամները շեշտեցին, թե մեծ թվով կենսաթոշակառուներ, որոնք հաշմանդամության կարգ կամ սոցիալական անապահովության բալլ չունեն ու չեն օգտվում անվճար բուժծառայություններից, հաջորդ տարվանից կօգտվեն: Սա անգամ համարեցին կենսաթոշակի բարձրացում մոտ 11 հազար դրամի չափով:

«Եվ մենք, ընդհակառակը, մեր քաղաքականություններով հիմա փորձում ենք էնպես անել, որ թոշակառուներին խթանենք, որպեսզի նրանք աշխատեն», - ասաց վարչապետը:

Մինչդեռ օրերս «Ազատության» հետ զրույցում առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ներդրվող համակարգն ընդամենը «նոր հարկատեսակ» էր համարել։ Շեշտել էր, որ նոր ծառայություններ մշակված չեն, ճիշտ այն ծառայություններն են առաջարկվելու, որոնք քաղաքացիները հիմա էլ ստանում են առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում:

Վարչապետը չբացառեց, որ համակարգի ներդրման ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես նախկինում՝ այլ ծրագրերի ներդրման դեպքում, այս անգամ էլ, ասաց, «բարեփոխումն իրական կյանքում պետք է հանդիպի իր պրոբլեմին, որ լուծվի»:

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն, օրինակ, անցած տարի տապալվեց, այդ մասին Կառավարության անդամները այսօրվա քննարկմանը լռեցին:

«Եկեք էդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք էնպիսի մի բան ենք անելու, որը տենց, առաջին վայրկյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու: Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի էդպիսի բան չի լինում», - նշեց Փաշինյանը;

Արդեն 2028 թվականից բոլոր քաղաքացիներն անկախ կարգավիճակից պարտադիր պետք է վճարեն առողջապահության ապահովագրության համար: Կառավարության անդամները շեշտեցին, որ սա լավ խթան կլինի ստվերից դուրս բերել աշխատող քաղաքացիներին: Եթե նրանք աշխատավարձ են ստանում, բայց գրանցված չեն ու հայտարարագիր չեն լրացնում, ապա շահագրգիռ կլինեն գրանցվել, որպեսզի հետվճարի համակարգից օգտվելու իրավունք ստանան:

XS
SM
MD
LG