Հաջորդ տարվանից 200.000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների հարկային բեռն ամենայն հավանականությամբ կավելանա՝ առողջապահական ապահովագրական ծրագրի շրջանակում։ Նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, բայց երեկ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ քննարկում էր դրա դետալները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.- «Համակարգը համապարփակ չի, ինչու, որովհետև ոչ բոլոր ծառայություններն է ծածկում»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան.- «Մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշաձող, որ առանձնացնենք առաջնային, կարևոր ծառայությունները»։
Առաջին փուլի շահառուները մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձիք, 28 և ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները, որոնց համար, վճարվելու է պետական բյուջեից։
Նախագիծն առաջարկում է, որ հաջորդ տարի ապահովագրությունից օգտվեն նաև ամսական 200 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը 129600 դրամ է, այսինքն ամեն ամիս աշխատավարձից կպահվի10800 դրամ։ «Ֆիքսենք, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է», - ասաց վարչապետը։
Փորձագետը սա «նոր հարկատեսակ» է համարում
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը սա ընդամենը «նոր հարկատեսակ» է համարում, որով փաստացի խախտվում է սոցիալական հավասարության սկզբունքը։ Պողոսյանը շեշտում է. «Բոլոր սոցիալական երկրներում հարուստները վճարում են աղքատների համար, մեր երկրում հակառակն է՝ աղքատները վճարելու են հարուստների համար։ Որովհետև 200 հազար ստացող քաղաքացին և 3,4 միլիոն ստացող քաղաքացին վճարելու է նույն ապահովագրավճարը»
Վարչապետի հետ քննարկման ընթացքում նախարար Ավանեսյանը պնդում էր, թե սոցիալական կրեդիտներն են գործելու, կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները։ Օրինակ՝ մինչև 1 միլիոն աշխատավարձ ստացողները նորից 1000 դրամ կվճարեն հիմնադրամին, հայտարարգիր ներկայացած քաղաքացիներն էլ կօգտվեն սոցիալական կրեդիտներից։
«Ամսական թույլ ենք տալու 6 000 դրամ ստանալ սոցիալական կրեդիտներից», - շեշտեց նախարարը։
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահն էլ ընդգծում է. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք որ եկամտահարկի վերադարձով վերցրել են տներ, երեխաների վարձի գործընթացը, նրանք այլևս չեն կարողանալու օգտվել այդ հետվճարից։ Այսինքն՝ այդ 500 դրամ վճարելու սիմվոլիզմը վերաբերվելու է մաքսիմում 5-6 տոկոս քաղաքացիներին։ Այո, սա մեծ բեռ է լինելու քաղաքացիների համար, և ամենակարևորը՝ քաղաքացին չի ստանալու այն անհրաժեշտ բուժօգնությունը, որը պետք է ստանար»։
Իսկ ի՞նչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն։
Անահիտ Ավանեսյան.- «Տարեկան մեկ անգամ ստուգումն անցնելը, ըստ տարիքի և սեռի սքրինինգային ծրագիր անցնելը դառնալու է պարտադիր»։
Նիկոլ Փաշինյան.- «Երբ այս համակարգով մենք մարդուն ասում ենք, որ հայտնաբերման պարագայում, այնուամենայնիվ, հիվանդությւոնների մի չափաբաժին կա, որը համակարգը իր վրա կվերցնի բեռը, մարդն ավելի մեծ վստահություն է ստանում»։
Փորձագետն այստեղ էլ է մանիպուլյացիա տեսնում. նախ նոր ծառայություններ մշակված չեն, ճիշտ այն ծառայություններն են, որոնք քաղաքացիները հիմա էլ ստանում են առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում:
«Օրինակ՝ վճարելու ենք շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար, որն այս պահին պետական պատվերով է, վճարելու ենք որոշակի քանակով դեղորայքի համար, վճարելու ենք սքրինինգների համար, այ եթե դուք ուզում ավելի համապարփակ ապահովագրություն, կա նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ, դուք կարող եք գնալ նաև այլ ծառայություններ գնել մասնավոր ապահովագրական ընկերություններից։ Այստեղ է խնդիրը, որ ծածկողունակությունը չի փակում», - շեշտում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը։
Փորձագետի պնդմամբ՝ կառավարությունը ընտրություններին ընդառաջ հեղափոխական կոչվող այս ծրագրի տակ ներկայացնում է ընդամենը գործող պետպատվերի համակարգը, պարզապես հաջորդ տարվանից այն աշխատելու է 200 հազար և ավելի ստացող քաղաքացիների հաշվին:
Անուշ Պողոսյանի խոսքով.- «Լսելու են հիվանդանոցում նույն արտահայտությունը, ինչ լսում են այսօր, այսինքն ՝սահմանափակ բյուջեի սկզբունք կա, և մենք լսելու ենք՝ «ապահովագրությունը վերջացել է», «դեղերի համար փոխհատուցում ենք 30 տոկոսը համավճարները մուծեք» և մեծ թվով համավճարի խնդիր են առաջ դնելու, այսինքն՝ պետությունը բեռն ամբողջությամբ չի վերցնում»։
Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարարի հետ հանդիպման ընթացքում ասաց. ««Նենց չի, որ մեկ էլ հաջորդ օրը արթնանալու են, տեսնելու են՝ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերություններն ամեն ինչ փոխվեցին»։
Վարչապետ Փաշինյանը չի էլ բացառում, որ խնդիրներ կլինեն, բայց հետքայլ չի տեսնում։ Ավելին՝ 2028-ից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա՝ քաղաքացիները 129 հազար 600-ի փոխարեն տարեկան 164 հազար 400 դրամ կվճարեն, կամ՝ ամսական 13 հազար 700 դրամ:
Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա: