Մտավոր հետամնացության խնդիրներով բանակ զորակոչված վանաձորցի Կարեն Շաքարյանը կազատվի զինվորական ծառայությունից: Օրեր առաջ Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնն է եզրակացրել, որ մոտ երեք ամիս առաջ զորակոչված վանաձորցի երիտասարդը «ժամանակավորապես ոչ պիտանի է զինծառայության համար»:
Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին նախարարի հրամանի նախագիծն այժմ պատրաստման փուլում է»:
Կարենի մայրը՝ Գայանե Շաքարյանն ասաց՝ որդին այժմ հոսպիտալում է, որտեղից հայտնել են, որ երկուշաբթի օրն արդեն Կարենը տուն կգնա:
Զինծառայողի մայրը դեռ մեկուկես ամիս առաջ էր ահազանգել որդու հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին:
Դեռ մանկության տարիներին բժիշկները նրա մոտ ախտորոշել են մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով: Չնայած այդ մասին զորակոչի ժամանակ տեղեկացրել էին բժշկական հանձնաժողովին, ներկայացրել փաստաթղթերը, միևնույնն է, տղային տարել էին ուղիղ սահման՝ ծառայության: Մայրն անհանգիստ էր՝ արդյո՞ք իր մտավոր խնդիրներ ունեցող տղան խնդիրներ չի ստեղծի բանակի համար:
Արդեն ծառայության անցած Կարենի հարցերով զբաղվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը բազմաթիվ դիմումներ էր գրել պատկան մարմիններին ու պատասխան ստացել, որ զինվորական բժշկական հանձնաժողովը կրկնակի ստուգել ու Կարենի մոտ ծառայության հետ անհամատեղելի խնդիրներ չի հայտնաբերել:
«Փաստացի ունենք հենց նույն խնդիրները, որը տարիներ շարունակ արձանագրում ենք՝ ոչ պատշաճ հետազոտության իրականացում, ոչ ամբողջական առողջական վատ վիճակի հետազոտության իրականացում, որի արդյունքում արդեն կայացվում է սխալ որոշում, և զորակոչիկը զորակոչվում է զինվորական ծառայության՝ ունենալով լուրջ առողջական խնդիրներ», - ասաց իրավապաշտպանը:
Ի՞նչ եղավ, որ խնդիրն «Ազատության» եթերում մի քանի անգամ բարձրաձայնելուց և իրավապաշտպանի ու զինծառայողի մոր բազմաթիվ դիմում բողոքներից հետո հանձնաժողովն այլ որոշում կայացրեց, ո՞ւմ սխալն էր, և արդյո՞ք որևէ մեկն այդ սխալի համար պատասխանատվություն կկրի. Նազելի Մովսեսյանն ասում է՝ հետևողական են լինելու սխալ եզրակացությամբ բանակ զորակոչված երիտասարդի իրավունքների պաշտպանության հարցում:
«Կազմակերպությունը նախատեսում է հենց իրականացնել իրավունքների պաշտպանությունը սխալ զորակոչի, սխալ վարչարարության և, բնականաբար, արդեն փոխհատուցման պահանջի հարցը պիտի բարձրացվի, որովհետև փաստացի ապացուցվեց, որ Կարեն Շաքարյանն ունեցել է խնդիր, որը հաշվի չի առնվել, և զորակոչվել է ծառայության, արդյունքում վաղաժամ զորացրվել է: Այսինքն՝ սա հիմք է պնդելու, որ այստեղ ոչ օրինական զորակոչ է իրականացվել», - ասաց նա:
Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը միայն ամառային զորակոչի ընթացքում 70-ից ավելի բողոք է ստացել՝ հիմնականում առողջական խնդիրների մասին։ Տարիներ շարունակ կազմակերպությունը բարձրաձայնում է, որ խնդիրը համակարգային է՝ զորակոչիկները պատշաճ հետազոտություն չեն անցնում զորակոչից առաջ, գանգատները հաշվի չեն առնվում, իսկ եթե զորակոչիկը չի ընդունում բժշկական հանձնաժողովի եզրակացությունն իր առողջական վիճակի մասին, անկախ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն չունի։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունից պնդում են, թե «զորակոչիկի նախաձեռնությամբ բժշկական հետազոտություն անցնելն արգելող կամ հնարավորությունը սահմանափակող որևէ իրավական ակտ չկա»:
«Խնդիրն այն է, որ եթե հետևողական չեն լինում հենց զինծառայողը և նրա ընտանիքի անդամը, փաստացի կարող է շարունակել ծառայությունն՝ ունենալով այդ խնդիրները, որոնք շատ ավելի լուրջ հետևանքների կարող են հանգեցնել հենց ծառայության ընթացքում, որովհետև կոնկրետ մտավոր հետամնացության և հոգեկան առողջության խնդիրների դեպքում շատ մեծ է ռիսկը, որ զինծառայողները կունենան թե՛ խնդիրներ իրենց ծառայակից ընկերների հետ, թե՛ հրամանատարության հետ, և թե՛ նույնիսկ առողջական վիճակի այնքան վատթարացում, որ կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ ամբողջ կյանքի համար», - նկատեց Մովսեսյանը:
Վանաձորցի Կարեն Շաքարյանը բժշկական հետազոտություն էր անցել թե՛ զորակոչից առաջ ու թե՛ արդեն իսկ զինվորական ծառայության ընթացքում, բայց երկու դեպքում էլ եզրակացրել էին, թե եղած առողջական խնդիրները բանակից ազատելու պատճառ չեն: