Մտավոր հետամնացություն ունեցող ժամկետային զինծառայող Կարեն Շաքարյանի մայրն ահազանգում է՝ երեկ իրենց համար անհայտ պատճառներով տղային Սյունիքից Երևան են հասցրել ու մեկ ժամ անց վերադարձրել զորամաս:
Ինչո՞ւ են երեք ժամվա ճանապարհ կտրել, տղային տարել Երևան ու մտափոխվել: Մայրը՝ Գայանե Շաքարյանն ասում է՝ որդու կցկտուր բացատրություններից բան չի հասկացել, տղային ուղեկցած բուժքույրն էլ միայն մի պատճառ է նշել՝ Երևանի հոսպիտալում պարզել են, թե անհրաժեշտ փաստաթղթեր իրենց հետ չունեն:
Գայանե Շաքարյանը վստահ է՝ տղան այժմ ծանր հոգեբանական վիճակում է. սպասում էր, որ Երևանում հանդիպելու է իրեն, բայց հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ ըստ մոր, Երևան հասնելուց ընդամենը մեկ - մեկուկես ժամ անց ետ են գնացել:
«Ազատություն»-ը մեկ շաբաթ առաջ էր անդրադարձել ժամկետային զինծառայողի պատմությանը: Մայրը ցույց էր տվել 19-ամյա որդու մտավոր հետամնացություն և վարքային խանգարումներ ունենալու մասին բժշկական տեղեկանքներն ու տարակուսանք հայտնել՝ ինչպե՞ս են որդուն զորակոչել հրաձգային գունդ ու զենք տվել ձեռքը: Մայրն ապացույցներ ուներ որդու ակնհայտ մտավոր ու հոգեկան խնդիրներ ունենալու մասին: Մինչդեռ զորակոչից առաջ դրանք անտեսվել ու նրան տարել են բանակ՝ վտանգ ստեղծելով ոչ միայն իր, այլև ծառայակիցների համար, ասում է մայրը ու պնդում՝ Կարենը զորամասում անգամ ինքնասպանության փորձ է արել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համապատասխան պետական կառույցներ էին հասցրել Գայանե Շաքարյանի մտահոգություններն ու Կարենի բժշկական տեղեկանքները: Պահանջել էին կրկնակի հետազոտել արդեն զինվորական ծառայության անցած Կարեն Շաքարյանին:
Երեք օր առաջ ռազմական գերատեսչությունից պատասխանել են. «Ամառային զորակոչի ընթացքում Կարեն Շաքարյանը Հանրապետական զինկոմիսարիատի կողմից ուղեգրվել է հետազոտման հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղից ստացված առողջության վիճակի հետազոտման ակտով ախտորոշվել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, վարքի խանգարման բացակայություն կամ թույլ արտահայտում: Ըստ այդմ նա ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար»:
Մինչդեռ զորակոչի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հակասություն է տեսնում զորակոչիկի նախկինում ունեցած փաստաթղթերի հետ: Այդ ինչպե՞ս եղավ, որ ամբողջ կյանքում տղայի ախտորոշումներում նշվել է վարքային խանգարումների մասին՝ զորակոչից առաջ՝ հանկարծ անհետացել, ասում է իրավապաշտպանը:
«Չի կարող 18 տարի անձի մոտ լինել նույն խնդիրը՝ մտավոր հետամնացությունը վարքային խանգարումներով, և հենց զորակոչի ժամանակ այդ խնդիրները վերանան: Եթե նույնիսկ եղել են երկու տարբերվող ախտորոշումներ, պետք է իրականացվեր լրացուցիչ ու ստուգիչ հետազոտություն, որպեսզի պարզվեր՝ որ ախտորոշումն է ի վերջո համապատասխանում իրականությանը», - ասաց Մովսեսյանը:
Մեկ շաբաթ առաջ ավարտվեց ամառային զորակոչը: Այս զորակոչին Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը 70-ից ավելի բողոք է ստացել՝ 90 տոկոսը առողջական խնդիրների մասին։ Տարիներ շարունակ կազմակերպությունը բարձրաձայնում է, որ խնդիրը համակարգային է՝ զորակոչիկները, եթե չեն ընդունում բժշկական հանձնաժողովի եզրակացությունն իրենց առողջական վիճակի մասին, անկախ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն չունեն։ Բժշկական հաստատությունները հրաժարվում են զորակոչային տարիքի երիտասարդներին ստուգել, նշելով՝ «վերևից հրահանգ ունեն»։
«Բժշկական հաստատությունները, ակնհայտ վախենալով տարբերվող ախտորոշում տալուց, միանգամից հրաժարվում են հետազոտել, հղում են անում ինչ-որ, նույնիսկ չեն ասում՝ ինչ-որ կոնկրետ հրաման, ասում են, որ հրահանգված է զորակոչային տարիքի անձանց չհետազոտել առանց ուղեգրի», - նշում է Մովսեսյանը՝ հավելելով. - «Կարող ենք ենթադրել, որ կա ներքին համաձայնություն, որովհետև այլ բանի մասին դա չի խոսում»:
«Ազատություն»-ը դեռ մեկ շաբաթ առաջ գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյոք կա՞ իրավական որևէ ակտ, որն արգելում է զորակոչիկների անկախ բժշկական ստուգումը, և արդյոք նախարարությունը գիտի՞ բանակ զորակոչված Կարենի ու նրա ինքնասպանության փորձերի մասին։ Պաշտպանական գերատեսչությունից արձագանքել են, թե հարցն ուսումնասիրության կարիք ունի, հետևաբար ավելի ուշ կպատասխանեն: