Մատչելիության հղումներ

«Արևմտյան Զանգեզուրն անարդարացիորեն հանձնվեց Հայաստանին». պնդել է Ալիևը


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է՝ Զանգեզուրն «ադրբեջանական հող է, որ միտումնավոր կերպով հանձնվել է» Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է երեկ Անկարայում՝ Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։

«Ինչպես դուք գիտեք, Նախիջևանը հինավուրց ադրբեջանական հող է։ Այն, սակայն, արդեն ավելի քան մեկ դար է, ինչ անջատված է Ադրբեջանի հիմնական տարածքից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության անկումից հինգ ամիս անց, խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը դուրս բերեցին Ադրբեջանի կազմից և միացրին Հայաստանին։ Այդպիսով կտրվեց Ադրբեջանի հիմնական տարածքի և մեր երկրի անքակտելի մաս հանդիսացող Նախիջևանի ցամաքային կապը։ Ավելի քան մեկ դար շարունակվող այս անարդարությունը շատ բացասաբար անդրադարձավ Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների վրա»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը, խոսելով Նախիջևանի մասին, առիթը բաց չթողեց և հերթական անգամ գովեստի խոսքեր ուղղեց իր հորը՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևին, պնդելով, թե այն, որ այսօր ինքնավար հանրապետությունը շարունակում է մնալ Բաքվի վերահսկողության տակ, հենց նրա շնորհքն է։

«Երբ սկսվեց առաջին ղարաբաղյան պատերազմը, Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Հայերը նաև Նախիջևանի օկուպացիան էին ծրագրում։ Բայց իմ հայրը՝ Հեյդար Ալիևը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Նախիջևանը, թույլ չտվեց դա։ Բոլոր նախջևանցիները համախմբվեցին, պաշտպանեցին հայրենի հողն ու զավթիչներին տեղը դրեցին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Երեկվա իր ելույթում, սակայն, Իլհամ Ալիևը որևէ փաստական ապացույց չներկայացրեց, որ Հայաստանն 90-ականներին ցանկանում էր օկուպացնել Նախիջևանը։ Նա նաև շրջանցեց այն հանգամանքը, որ 1992-ի գարնանը Սադարակ-Երասխ հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Հեյդար Ալիևը սեպարատ բանակցությունների մեջ էր մտել Երևանի հետ, և Հայաստանի ու Նախիջևանի սահմանի երկայնքով, ըստ էության, հրադադար էր հաստատվել։ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված ամենահայտնի աշխատություններից մեկում էլ՝ Թոմադ Դե Վաալի «Սև այգի» գրքում, պնդում կա, որ ավագ Ալիևը 1992-93 թվականներին Նախիջևանն օդանավով լքելու պարագայում թռիչքը նախապես համաձայնեցնում էր պաշտոնական Երևանի հետ։

Երեկվա արարողությանը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին հեռավար՝ Անկարայից։ Տեղում՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի մերձակայքում, գազատարի բացմանը մասնակցում էին երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալփարսլան Բայրաքթարն ու Փարվիզ Շահբազովը։ Հենց նրանք բացեցին ընդամենը մեկուկես տարում կառուցված 80 կիլոմետրանոց խողովակաշարի խորհրդանշական փականը։

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համոզմամբ էլ՝ Իգդիր-Նախիջևան գազատարի շահագործման մեկնարկը էլ ավելի կամրապնդի թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու Անկարայի ազդեցությունը Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։

«Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական կապերը շարունակում են զարգանալ «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև պաշտպանություն։ Իգդիր-Նախիջևան գազատարը կհամալրի մեր կողմից իրականացվող ռազմավարական էներգետիկ ծրագրերի շարքը՝ միաժամանակ Թուրքիայի և Նախիջևանի ճակատագրերի անբաժանելիության խորհրդանիշ դառնալով»,-նշել է Էրդողանը։

XS
SM
MD
LG