Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա, «արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:
Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրեսի» խնդրանքով այսպես արձագանքել է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը։
Իլհամ Ալիևը, սակայն, բացի հայկական կողմի համար անընդունելի՝ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը կիրառելուց, նաև հերթական անգամ Փաշինյանի կառավարությունից պահանջել էր հստակեցնել՝ երբ և ինչ պայմաններով են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց նախկին բնակության վայրեր», վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։
«Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել»,- շեշտել էր նա։
«Արևմտյան Ադրբեջան» ասելով Բաքուն նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, որտեղ Ադրբեջանի իշխանության հաշվարկներով՝ «ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել» մինչև հակամարտությունը։
Չնայած Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային հավակնություններին, իր հարցազրույցներից մեկում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ընդամենը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրված այդ թեզին, նույն հարթության վրա էր դիտարկել Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:
«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
Իսկ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվի այդ թեզը քաղաքական հռետորաբանություն է որակել, պահանջներն էլ կապել Արցախի հարցի հետ։
«Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, մեր գործընկերները միջազգային խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրենք խոսում են ադրբեջանցիների վերադառնալու մասին: Հիմա եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք, իրենք նույն բանը հայելային ասելու են և բան են անելու: Ես առաջարկում եմ՝ մենք հայկական շահի, հայկական օրակարգի ուղղությամբ գնանք, այսինքն՝ մենք հասկանանք՝ մենք հայերով ի՞նչ ենք ուզում անենք, է՛դ ասենք», - ասել է նա:
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո արցախցիների վերադարձի մասին հրաժարվում է խոսել՝ պնդելով, որ առավել կարևոր է Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
Եվ մինչ Երևանը Բաքվի հետ բանակցում է Հայաստանին անվտանգություն խոստացող փաստաթղթի ստորագրման շուրջ, Ալիևի վարչակազմը «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին զուգահեռ մահմեդական ներկայացուցչության «Երևանի մասնաճյուղ՝ «ղազիյաթ» է ստեղծում»։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մահմեդականների վարչությունը այդ մասին որոշումը հրապարակել է հատուկ գումարված նիստին, որին մասնակցել են շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն, ինչպես նաև պատգամավորների, կառավարության ներկայացուցիչները:
Այս նախաձեռնությանը Երևանից դեռևս չեն արձագանքել, բայց Բաքվում այն առնվազն հարցեր է առաջացրել։ Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Հաջիևը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մի վայրում, որտեղ ադրբեջանցի չկա։
«Տրամաբանական է Կովկասի մահմեդական կազմակերպության ղազիյաթ ունենալ այն վայրերում, որտեղ ապրում են ադրբեջանցիներ: Հարց է ծագում, թե ինչու է ներկայացուցիչ նշանակվում մի տեղ, որտեղ մենք չունենք ադրբեջանցիներ: Եվ այս հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս նման նախաձեռնությամբ», - ասել է նա:
Նախաձեռնության հեղինակները այդ հարցին ուղղիղ չեն պատասխանել, Կովկասի մահմեդականների վարչությունը միայն հայտարարել է, թե նման մասնաճյուղ «գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին՝ համակարգելու Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգևոր կյանքը»:
Կովկասի մահմեդականների վարչությունը Ադրբեջանից բացի, ներկայություն ունի միայն մեծաթիվ ադրբեջանական համայնք ունեցող Ռուսաստանի Դաշնությունում ու Վրաստանում: