Մատչելիության հղումներ

Արդյո՞ք քննվում է գործարարների կապը «Սրբազան պայքար»-ին առնչվող քրգործին


Քննչական կոմիտեի հրապարակած կադրերից
Քննչական կոմիտեի հրապարակած կադրերից

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում: Կոմիտեն, սակայն, երեկվանից չի մեկնաբանում, թե ինչ գործի շրջանակներում է մեծահարուստ գործարարը հարցաքննվել և դատավարական ինչ կարգավիճակ ունի: «Ազատության» տեղեկություններով՝ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, նա որպես վկա է հարցաքննվել:

Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով՝ ԲՀԿ առաջնորդի գրասենյակը ևս լռություն է պահպանում: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չի արձագանքում: Իսկ ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը վստահեցրեց՝ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում է Ծառուկյանը հարցաքննվել:

«Սրբազան պայքար» շարժմանը վերագրվող ահաբեկչության և իշխանության զավթման քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեն մի քանի էջանոց պլան էր հրապարակել, որտեղ «Մարդկային ռեսուրս» բաժնում առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունն է նշված՝ հետևյալ գրությամբ. «Ռուսաստանի Դաշնության հետ լավ կապերով, 15-20 հազար մարդ, պլյուս ուղերձ»: Նույն բաժնի 2-րդ հորիզոնականում կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունն է հետևյալ գրությամբ՝ 5-8 հազար մարդ + ուղերձ:

«Սրբազան պայքարին» վերագրվող հեղաշրջման պլանում Գագիկ Ծառուկյանի անվան հիշատակմանը ԲՀԿ-ից առայսօր չեն արձագանքել: ԲՀԿ-ական Արման Աբովյանն էլ այսօր հրաժարվեց ասել՝ ինչ կապ ուներ Գագիկ Ծառուկյանը շարժմանը վերագրվող պլանի հետ:

«Ոչ մի բան չեմ կարող ասել, քանզի չգիտեմ և չեմ հասկանում առհասարակ պրոցեսի տրամաբանությունը, այսինքն՝ ես սա չեմ մեկնաբանում ոչ մի ձև», - ասաց նա:

Դատախազի մեկնաբանությունը

Գլխավոր դատախազը երեկ Հանրայինի եթերում այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ինչո՞ւ «Սրբազան պայքարին» վերագրվող իշխանության զավթման այսպես կոչված՝ «պլանում» տեղ գտած գործարարներից միայն հենց Սամվել Կարապետյանն է կալանավորված:

Աննա Վարդապետյանը վստահեցնում էր, որ միլիարդատեր գործարարի կալանավորումը քաղաքական բնույթ չի կրում: Ըստ էության, Կարապետյանին կապելով «Սրբազան պայքարի»՝ իշխանությունը զավթելու քրեական գործի հետ՝ իբրև հիմնավորում, գլխավոր դատախազը ներկայացրեց կալանավորված արքեպիսկոպոս Բագրատ սրբազանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա կարծիք է հայտնում, որ միլիարդատերը նույնպես շարժմանը կմիանա:

«Հարց է տրվում Սամվել Կարապետյանի հետ կապված Բագրատ սրբազանին, և խոսակցությունը փետրվար ամսվա է, հարց է տրվում՝ իսկ ինչո՞ւ բիզնեսմենները չեն միանում շարժմանը, օրինակ՝ Սամվել Կարապետյանը ինչո՞ւ չի միանում, Վազգեն (աշխարհիկ անունը) Գալստանյանը պատասխանում է, որ կմիանա փետրվար ամսին, և ըստ էության, դրանից մի քանի ամիս հետո մենք տեսնում ենք, որ այն, ինչ որ Վազգեն Գալստանյանն ասում է, որ կլինի, սկսվում է օբյեկտիվ իրականության մեջ դրսևորվել», - ասել է Վարդապետյանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե եկեղեցուն պաշտպանելու «մեր ձևով» արտահայտության համար արդյո՞ք մարդուն կալանավորում են, գլխավոր դատախազը պնդեց, թե «մեր ձևով» արտահայտությունը Սամվել Կարապետյանն արել է շարժմանը միանալու կոնտեքստում:

«Խոսքը «մեր ձևով» անելու մասին չէ, խոսքը վերաբերում է, ես ասացի, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք իրականացվում են «Սրբազան պայքարի» շարժման կոնտեքստում, կոնկրետ խոսակցություն կար կոնկրետ անձի հետ կապված, և Վազգեն Գալստանյանը վստահ ասում է, որ կմիանա: Մեզ համար ակնհայտ էր, որ այդ «մեր ձևով» եզրույթի տակ միանալու գործընթացն է», - ասաց նա:

Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանը հիշեցրեց՝ Սամվել Կարապետյանից բացի, այլ գործարարների անուններ էլ են շրջանառվել: Ինչո՞ւ այդ դեպքում նրանք էլ կալանավորված չեն։ Սամվել Կարապետյանից ու Գագիկ Ծառուկյանից բացի, «Սրբազան պայքար» շարժման այսպես կոչված՝ «իշխանության զավթման պլանում» նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունն է հիշատակված՝ 5 հազար մարդ ռեսուրսով:

Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Գալստանյանը նաև կառավարության անդամների իր թեկնածուներն ուներ, որը ևս քննության առարկա է: Այսինքն՝ մենք այս մասով դեռ պետք է ստուգենք՝ դա պայմանավորված գործողություն էր, թե չէ»:

Արդյոք Գլխավոր դատախազության այս հայտարարությունը նշանակում է, որ իրավապահները քննում են նաև «Սրբազան պայքար» շարժման պլանում հիշատակված մյուս մեծահարուստ գործարարների առնչությունը աղմկահարույց քրեական այս գործին, պարզ չէ: Գլխավոր դատախազը փակագծեր չբացեց: Այս գործը քննող Քննչական կոմիտեն ևս հրաժարվում է մեկնաբանել:

XS
SM
MD
LG