Խաղա՞ղ հավաքներ, թե՞ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն. անցած տարվանից վարչապետի հրաժարականի պահանջով պայքարի ելած, արդեն երկու շաբաթ կալանքի տակ պահվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները շարունակում են պնդել՝ գաղտնիք չէ, թե ինչու էր հոգևորականը թողել եկեղեցին ու դուրս ելել փողոց, բայց իրավապահները դա մանիպուլացրել են, հրապարակել մոնտաժված, ենթատեքստից կտրված խոսակցություններ ու հրամցրել հանրությանը որպես վերջին ճշմարտություն:
Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մի օրինակ է բերում. «Կա խոսակցություն, որ այս ինչ գործողությունը պետք է անենք, հաջորդիվ երկու բառ՝ օրինական եղանակով: Քննչական կոմիտեի ձայնագրության մեջ օրինական եղանակ արտահայտությունը դուրս է բերվել, և ստացվում է, որ պետք է անենք այս ինչ գործողությունը»:
Մինչ մեղադրյալ հոգևորականի փաստաբանը պնդում է, որ «Սրբազան պայքար» շարժման անդամները քննարկել են նաև քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու, բոլոր գործողություններն օրենքի սահմաններում անելու հարցեր, գլխավոր դատախազն, իր հերթին, պնդում է՝ հենց մեղադրյալների կողմն է մանիպուլացնում:
«Բարձրաստիճան պաշտոնյաներին եթե սարկավագներից մեկն է հարցնում, թե որ սպանեն, ի՞նչ կլինի, և այդ միտքն այնպես չէ, որ մի անգամ ինչ-որ պոռթկում էր, էլի քննարկում էր այս հարցի շուրջ: Հիմնական պաշտոնյաներն, ովքեր թիրախում էին, վարչապետն էր, ԱԺ նախագահը և արտաքին գործերի նախարարը», - երեկ Հանրայինի եթերում ասել է Աննա Վարդապետյանը:
Նա պնդել է, որ Գալստանյանի առաջնորդած շարժումը խաղաղ նպատակներ չի ունեցել, ավելին՝ նպատակ ունեին հասնել ընդհուպ վարչապետին: Ըստ նրա՝ դա են վկայում խոսակցությունները, առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները. «Բացի խաղաղ ակցիաներից, իրականացնեին գործողություններ, որոնք պետք է պարալիզեին փողոցի երթևեկությունը, կարող էին հանգեցնել որոշակի նաև, իրենք էլ չեն բացառում, մարդկային կորուստների, պետք է վնասեին մեքենաների անվադողները, որպեսզի մեքենաները չկարողանային շարժվել այդ՝ հայտնի աստղիկների հետ կապված քննարկումները, որոնք ծավալվում էին»:
Վարդապետյանի խոսքով՝ գաղտնալսված խոսակցություններից մեկում անգամ Բագրատ Գալստանյանն է խոսում երկու հոգու սպանելու մասին. «Վազգեն (արքեպիսկոպոսի աշխարհիկ անունը) Գալստանյանի զրույցն այն մասին, որ չեն բացառում նաև երկու անձի «գյուլլելու», մի 15 հոգու բանտարկելու, հետո ընտանիքի անդամներին փոխհատուցում տալու, և նմանատիպ այլ խոսույթ, որը, դժվար է ենթադրել, որ խաղաղ ակցիայի մասին է»:
Փաստաբան Խուդոյանը, սակայն, փոխանցեց՝ Քննչականի ձայնագրությունները կալանավորված սրբազանը չի լսել, բայց եթե անգամ իր ձայնն է, ապա ենթատեքստը բոլորովին այլ է: Խուդոյանն ասաց, որ իրենց տրամադրվել են միայն պաշտպանյալին առնչվող սղագրություններ, որոնք ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունների հետ համահունչ չեն:
«Վստահորդիս հետ քննարկել եմ, որ դա եղել է ապագայի մասին քննարկում պետության կառուցման շրջանակներում տարբեր իրավախախտումների վերաբերյալ, իսկ դա քննարկվել է մահապատժի իրավաչափությանը կամ ոչ իրավաչափությանը. արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանը պետք է լինի մահապատիժ, թե՞ ոչ», - նշեց նա:
Գլխավոր դատախազը, սակայն, երեկ ընդգծել է. «Դրա համար էլ ասում եմ՝ ռազմավարությունը չէին քննարկում, քննարկում էին՝ շարժման շրջանակում եթե օրինակ՝ ինչ-որ մեկին գյուլլեն, այ դա պետական դավաճան ես, պետական դավաճանություն ես արել, այդ պատճառով ենք քեզ գյուլլելու»:
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ. «Միանշանակ բոլոր այս գործողություններն իրենց ամբողջությամբ մեջ՝ և՛ իրավապահների գործողությունները, և իրենց ընտրողական և մանիպուլյատիվ գործողությունները, և՛ զուգորդված վիրավորանքներով, զրպարտություններով, օրենքի խախտումներով ուղղորդված քարոզչական արշավով, այս ամենը վկայում է, որ սա նախապես իրավապահների և քաղաքական ուժի միջև պլանավորված արշավ է, քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացք ունեցող անձանց դեմ»:
Որպես քաղաքական հետապնդման մասին վկայող օրինակ՝ բերում են այն, որ այս գործով 15 մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունում Քննչականը գրել է՝ մեղադրյալը դրսևորել է հակաիշխանական վարքագիծ:
Նույնը գրված է Հրայր սարկավագ Հակոբյանի մասին:
«Մեղադրյալ Հրայր Սայադի Հակոբյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ և գաղափարական թշնամանք հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ», - նշեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Փաստաբանը պնդեց՝ նրա և Բագրատ սրբազանի խոսակցությունները կենցաղային էին, մինչդեռ իրավապահները ծանր հոդվածով են մեղադրում, նշում, որ որպես աբահեկչության գործիք վարձով բնակարանից ամրաններ են հայտնաբերել, այնինչ դրանք այդ տանն են մնացել շինարարությունից հետո:
Գլխավոր դատախազը երեկ հայտարարեց՝ քննությունը շարունակում են, ու չի բացառվում, որ մեղադրյալների շարքում նոր անուններ հայտնվեն: