Մատչելիության հղումներ

«Արդյո՞ք ԿԳԲ գործակալ չէ». վարչապետի աշխատակազմի աշխատակիցը Բագրատ սրբազանի հասցեին հնչեցրած արտահայտության համար չի պատժվի


Իշխանական Civic.am կայքի նախկին լրագրող, այժմ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը դատարանում այդպես էլ չապացուցեց իր պնդումը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իսկապե՞ս ԿԳԲ գործակալ է ու իրո՞ք Կրեմլից է ֆինանսավորվել: Նա հայտարարել էր. «Դուք թույլ եք տալիս, որ այդ մարդիկ, որ միլիոնավոր դոլարներ են ստանում Կրեմլից, ձեզ օգտագործեն, թե ոչ: Շատ հստակ ա չէ՞, ապացույցներ կան էդ ամեն ինչի հետ կապված»:

Սրբազանի փաստաբանի խոսքով, Լևոնյանը չապացուցեց, փոխարենը հայտարարեց, թե դրանք իր դատողություններն էին. «Որոշակի փաստաթղթեր «ապացույց» վերնագրով ներկայացվել է, որոնք, մեր պատկերացմամբ, այդ փաստերը հաստատող մեղմ ասած չեն։ Այսինքն՝ կարելի է մարդուն որպես ցանկացած, պիտակ կպցնել, հետո ասել՝ ես այդպես էի կարծում։ Դա կարծիքի հարց չէ, դա փաստի հարց է», - ասում է Բագրատ Գալստանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Առաջին ատյանի դատարանն օրերս, հիմք ընդունելով Դավիթ Լևոնյանի բերած փաստարկները, եզրակացրել է՝ նա ընդամենը ներկայացրել է իր անհանգստությունը քաղաքական կամ հասարակական թեմայի վերաբերյալ:

«Հիմա էլ արդեն միլիոնավոր դոլարներ են ստանում Կրեմլից, ինչի համար, որպեսզի պատերազմ հրահրեն հայ-ադրբեջանական սահմանին, իսկ թե ինչու, որպեսզի ՀԱՊԿ զորքեր տեղակայվեն էնտեղ ու, եթե պետք լինի, Տավուշն արժանացնեն Արցախի ճակատագրին. հանձնեն», - հայտարարում էր Դավիթ Լևոնյանը:

«Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել». Մեկուկես տարի առաջ ՔՊ-ի կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն ավելի քան 8 րոպեանոց տեսանյութով փորձել էր այս հարցի պատասխանը տալ, տեսանյութում նշում էր. «Ասում է՝ ոչինչ, որ այդ գյուղերն ադրբեջանական է ու այնտեղ հայ չի ապրում: Մենք պետք է կռվենք, պետք լինի կզոհվենք, կնահատակվենք, բայց չպետք է էնտեղ սահմանազատում, սահմանագծում իրականացվի, չպետք է անվտանգ գոտի լինի։ Հիմա հարց. արդյո՞ք սա ռուսական ԿԳԲ գործակալ չէ Հայաստանում, որովհետև Ռուսաստանին չի ձեռնտու, որպեսզի սահմանազատում, սահմանագծում իրականացվի»:

Լևոնյանը հայտարարել էր, թե Բագրատ սրբազանը, որ անցած տարի փողոցային ակցիաներով պահանջում էր վարչապետի հրաժարականը, «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ», հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք ԿԳԲ-ի գործակալ չէ. «Հիմա Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ փոխանցվում են Հայաստան էդ գործակալական ցանցերի համար, ու իզուր չէ, որ Տավուշում փոխանակման կետերում գումարի, մոտավորապես 72 տոկոսը կատարվել է ռուբլով», - ասում էր իշխանական կայքի արդեն նախկին լրագրողը:

Դատարանը եզրահանգել է, որ Դավիթ Լևոնյանը չապացուցված այս պնդումներով նպատակ չի ունեցել արատավորել Գալստանյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ ներկայացրել է իր բացասական կարծիքը՝ քննադատությունը արքեպիսկոպոսի գործողությունների վերաբերյալ։

Բանտում գտնվող հոգևորականի փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ դատարանն անկողմնակալ չէր: Ընդ որում, դեռ ամռանը պետք է հրապարակեր իր որոշումը, բայց այն հետաձգել էր Բագրատ Գալստանյանի ու նրա համախոհների՝ ահաբեկչության փորձի քրեական գործից հետո:

«Այս որոշումը դժվար է դիտել որպես անկողմնակալ դատարանի կողմից կայացված որոշում, և մենք գործ ունենք ընդամենը առաջին ատյանի դատական ակտի հետ, պարտադիր դա բողոքարկվելու է, և մեր դիրքորոշումները մնում են նույնը, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա, այստեղ կա հստակ նպատակ անձի պատիվը, արժանապատվությունը նսեմացնելու և հասարակության մեջ ինչ-որ գաղափարներ ներմուծելու, որը քաղաքական նպատակ է: Դատարանը դրա հետ չի համաձայնվել, և Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության վիճակից ելնելով՝ կարելի է ասել շատ զարմանալի չի», - ասում է Բագրատ Գալստանյանի փաստաբանը:

Այժմ վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող նախկին լրագրողը չցանկացավ անդրադառնալ այս գործին, ասաց միայն, որ իր դիրքորոշումը հայտնել է դատարանում: Իսկ դատարանում նա պնդել էր միայն, որ զրպարտելու ու վիրավորելու միտում չի ունեցել, ընդամենն արտահայտել է իր գնահատողական մոտեցումները, իսկ դրանց համար հաշվի է առել ստեղծված վիճակը: Ընդգծել, թե՝ տեսան, որ Բագրատ սրբազանի շարժմանն աջակցել են և՛ երկրորդ և՛ երրորդ նախագահները, և՛ Ռուսաստանի Դաշնությունից մի շարք մարդիկ: Օրինակ է բերել որոշ ռուսաստանաբնակ հայերի՝ Արշակ Կարապետյանին, Միհրան Պողոսյանին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ընդգծել, թե Ռուսաստանից այստեղ նույնիսկ կուսակցություններ են բացում, քաղաքական աջակցություններ են հայտնում: Նաև ասել էր՝ մինչ օրս չի տեսել փաստաթուղթ, որում երևում են, թե որտեղից են գալիս իր նշած այդ գումարները:

«Սա հստակ երկակի ստանդարտների հարց է», - փաստաբան Մելիքյանը երկակի ստանդարտների օրինակներ է բերում. նույն իրավապահները ոչ թե քաղաքացիական, այլ քրեական պատասխանատվության են փորձում ենթարկել արցախցի իրավապաշատպան Ղարիբ Բաբայանին, որը քննադատել էր ոստիկանությանը, երբ մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» էին երգում ու զվարճանում, իսկ ոստիկանությունն էլ ոչինչ չէր ձեռնարկել: Մեկ այլ օրինակ էլ՝ իրավապահների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար մեղադրյալի աթոռին է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Երրորդ օրինակը՝ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, որ դատվում է դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու մեղադրանքով:

XS
SM
MD
LG