Մատչելիության հղումներ

Տեսանյութը տարածած Բաբայանի փաստաբանը նրա նկատմամբ քրեական գործը շինծու է որակում


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երրորդ օրն է՝ դիրքորոշում չունի Ղարիբ Բաբայանի քրեական գործի մասին: Նա իրավապահների թիրախում է հայտնվել սկանդալային տեսանյութը տարածելու պատճառով, որտեղ մի խումբ տղամարդիկ Երևանի կենտրոնում անարգել ադրբեջաներեն երգում ու զվարճանում են:

Արդյոք խախտվել է Ղարիբ Բաբայանի ազատ խոսքի իրավունքը՝ ՄԻՊ-ը դիրքորոշում դեռ չունի, ծավալուն տեքստով երեկ հանրությանը միայն տեղեկացրել է, թե իրավասու կառույցներից պարզաբանումներ է պահանջում:

Արցախից տեղահանված Բաբայանի փաստաբանը կասկած չունի՝ նրա մեղադրանքը անհիմն է, նա արդարացվելու է. «Վստահաբար այս վարույթը ստեղծվել է ադրբեջանցիներին պաշտպանելու համար, թեև մեղադրանքում այլ բան է գրված», - ասաց Աբգար Պողոսյանը:

Ղարիբ Բաբայանը չորս օր առաջ ֆեյսբուքյան էջով տեսանյութ էր տարածել, որտեղ մի խումբ տղամարդիկ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ ջան» երգ էին երգում: Նա զայրացած գրառում էր արել՝ «ո՞ւր են ոստիկանները, երբ Երևանի կենտրոնում ադրբեջանցիներն անարգել ադրբեջաներեն երգում են», դիմել էր հայերին, թե ինչու են հանդուրժում «դավաճան ու կոռումպացված իշխանությանը»: Երկու օր հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց ատելություն, թշնամանք, հրահրելու, քարոզելու ու այդ նպատակով տեսանյութ տարածելու համար:

«Դրանից շատ ավելի ծանր քննադատություններ են հնչում ամեն օր», - նշեց փաստաբանը:

Քննչական կոմիտեն նշել է, թե ատելության ու անհանդուրժողականության քարոզը իշխանությունների ու ոստիկանների նկատմամբ է: Ավելի սուր քննադատություն էլ է հնչում իշխանության հասցեին, ինչու չեն ձերբակալում, հարցնում է փաստաբան Աբգար Պողոսյանն ու եզրահանգում՝ շինծու քրեական գործով «փորձում են Ադրբեջանին սիրաշահել»:

Երբ տեսանյութը ակտիվորեն տարածվում էր, Ազգային անվտանգության ծառայությունը լուռ էր: Մեկ օր անց հայտարարեց, թե զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են: Հետո Քննչականը քրեական գործ հարուցեց ու ձերբակալեց Բաբայանին, քննիչը միջնոդրել էր, որ կալանավորեն: Նրան սատարելու համար բազմաթիվ մարդիկ էին հավաքվել դատարանի մոտ, կալանքի միջնորդությունը մերժվեց, բայց սահմանափակվեց նրա հրապարակային խոսքի իրավունքը:

70-ամյա Ղարիբ Բաբայանը դասախոս է եղել Արցախում, գիտնական, նա Հայաստան է տեղափոխվել Արցախի հայաթափումից հետո: Ռազմավարական հետազոոտությունների անկախ կենտրոնի ղեկավարն է, այս կազմակերպության էջով էլ տարածել էր տեսանյութը: Հիմա նա գրառումներ անելու իրավունք չունի:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունը նրան լռեցնելով վտանգավոր նախադեպ է ստեղծում:

Իշխանությունից պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չի ուզում մեկնաբանել իրավապահների գործողությունները: Նրան մի հարց է հուզում՝ որտեղի՞ց Ղարիբ Բաբայանին այդ տեսանյութը:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG