«Արմենիան Քարդ» ընկերությունից հավաստիացնում են, որ վերջին օրերին Arca վճարային համակարգում խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Ընկերության պարզաբանման մեջ նշվում է, որ խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։
«2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։
2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է Ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ Ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում», - նշել են ընկերությունից։
Նաև հայտնել են, որ խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն։
Որպես կանխարգելիչ միջոցառում «Արմենիան Քարդը» այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։
«Տվյալների կենտրոնը, որը տեխնիկապես հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով, նախատեսված է ապահովելու երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը», - նշում են Arca-ից՝ հավելելով, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասն արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։