Վաղը՝ մարտի 10-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան, հայտնում են ԱԳՆ-ից:
Ծրագրված է նախարարի հանդիպումը իր պաշտոնակցի՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։
«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։
Նա այս շաբաթ խորհրդարանում հայտնել էր նախատեսված այցի մասին, սակայն ժամկետ չէր նշել:
Անցած ամիս էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր մեկնել Հնդկաստան, հանդիպել իր պաշտոնակցի՝ Ռաջնաթ Սինգհի հետ: Նրանք քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։