Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Ռաջնաթ Սինգհի հետ: Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Սինգհը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
Սուրեն Պապիկյանը նախօրեին էլ զրուցել էր Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։