Մատչելիության հղումներ

«Ամոթ ու ամոթ». Ղուկասյանը՝ Միքայել սրբազանի դատապարտման մասին


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնի առթիվ ելույթում ամոթանք տվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի կալանքի պատճառով:

«Ամոթ ու ամոթ... 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոս կամ հոգևորական աքսորեն ու {դատարանում} ասեն՝ «հանցագործ եպիսկոպո՛ս, ոտքի՛ կանգնիր», - ասաց նա՝ շեշտելով՝ Գյումրին երկու բանտարկված եպիսկոպոսների՝ Միքայել Աջապահյանի և Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի կողքին է:

Միքայել սրբազանը երեկ դատապարտվեց երկու տարվա ազատազարկման՝ իշխանության զավթման հրապարակային կոչի համար, իսկ Բագրատ արքեպիսկոպոսի գործով դատավարությունը դեռ ընթանում է:

Ընտրություններից կես տարի անց վարչապետը օրերս խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ էր դրել Գյումրիի ընտրությունների արդյունքները՝ պնդելով, թե ընտրակաշառք է բաժանվել, ու տեղի ունեցած թյուրիմացությունը պետք է շտկվի՝ նկատի ունենալով Ղուկասյանի համայնքապետ ընտրվելու հանգամանքը: Իրեն դուրս շպրտելու վարչապետի սպառնալիքից հետո ընդդիմադիր համայնքապետը հայտարարել էր՝ իրեն ժողովուրդն է ընտրել:

Այսօր Ղուկասյանն ասաց՝ չի ուզում քաղաքականացնել իր ելույթը: Այնուհանդերձ, ըստ էության, քննադատեց իշխանությունների որոշումներից, օրինակ, Արարատի պատկերը սահմանահատման կնիքից հանելը:

Անուններ չտալով՝ նա նշեց. «Ուզում եմ այն մարդկանց, ովքեր իրենց ճակատին կրում են մի վատ բառ, որը կոչվում է դավաճան, զգաստանան ու հետ գան՝ դառնան հայոց ակունքներին, փողն ու պաշտոնը ոչինչ համարեն, այլ՝ սիրեն իրենց հայրենիքը»:

Ապա պնդեց՝ իրեն պաշտոն պետք չէ, շարունակելով. «Բայց երբ ես զգում եմ, որ երկիրը վտանգի մեջ է, ուզում են դարձնել թուրքական վիլայեթ, ապա քարերը պիտի աղաղակեն, ասում է Բարձրյալն Աստված, և մենք չենք թողնի»:

XS
SM
MD
LG