Գյումրիի քաղաքապետին դուրս շպրտելու, իսկ քաղաքապետի պաշտոնում հայտնվելու թյուրիմացությունը շտկելու մասին վարչապետի հայտարարությունից հետո Փաշինյանի կուսակիցները մեկը մյուսի հետևից սկսել են պնդել, որ Վարդան Ղուկասյանը գնալու է: Թե երբ ու ինչ սցենարով են պատկերացնում ընդդիմադիրների միավորման արդյունքում կես տարի առաջ քաղաքապետ ընտրված Ղուկասյանին, դեռ չեն բացահայտում:
Այսօր Կոմկուսի ցուցակը գլխավորող Ղուկասյանին աջակցող հայտարարություն է տարածել ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը, ընդ որում՝ հայտարարությունը հրապարակվել է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի: Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից: Հանգիստ թողեք ԳՅՈՒՄՐԻՆ, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՎ ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ», - ասված հայտարարությունում:
Ղուկասյանի պաշտոնավարաման հետ կապված հարցով վարչապետին դիմած ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասաց, թե Կոմկուսի հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեկ անգամ ևս պնդեց, որ Ղուկասյանը գնալու է, հստակեցնելով մանրամասները. - «Այդ ամենը առաջին հերթին անելու է, իմ կարծիքով, հենց գյումրեցին, գյումրեցիներն են, էսպես ասած, դուրս շպրտելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող համայնքի ղեկավարին»:
«Գյումրեցիներն են առաջին հերթին դա անելու: Դա Ազգային ժողովի պատգամավոր Սարուխանյան Կարենը չի անելու, դա, չգիտեմ, երկրի վարչապետը չի անելու, դա որևէ այլ, ուժայինները չեն անելու, չգիտեմ ... Դա առաջին հերթին անելու է գյումրեցին, և հենց հասունանա էդ պահը, միանշանակ, ես վստահ եմ, որ իրենք իրենց փասափուսեքը հավաքելու և գնալու են», - շարունակեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
Մոտավոր ժամկետի վերաբերյալ հարցին Սարուխանյանն արձագանքեց. - «Ես որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ արդեն իսկ մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ»:
Հնարավո՞ր է, որ մի քանի համայնքերի օրինակով գնան: Օրինակ՝ Գյումրիի հարևան Ախուրյանի, երբ կոալիցիա կազմած ուժերի ավագանու անդամները միացան ՔՊ-ին, որին պակասող երկու մանդատն ապահովվելուց հետո դաշնակցական համայնքապետը հրաժարական տվեց, արդյունքում՝ ավագանում մեծամասնություն դարձած ՔՊ-ն իշխանությունը վերցրեց: Արդյո՞ք կփորձեն Կոմկուսից մարդկանց ներգրավել ՔՊ-ի կողմը:
«Օրենքով սահմանված և մեր Սահմանադրությամբ սահմանված կարգով ցանկացած սցենար, ես պատրաստ եմ, հնարավոր է», - հայտարարեց Սարուխանյանը:
Ղուկասյանը հայտարարել է, որ մի դեպքում ինքնակամ կլքի պաշտոնը՝ երբ 26 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթի: Սարուխանյանն ասում է՝ այսօրվանից արդեն կարող է հավաքվել և գնալ, քանի որ վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակում: