ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձել է «Մեծ եղեռն» ձևակերպմանը: Ապրիլքսանչորսյան իր ուղերձում երեկ ԱՄՆ նախագահ Թրափը չօգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ նախընտրելով Մեծ Եղեռն տերմինը, այսօր՝ X-ի գրառման մեջ պետքարտուղար Ռուբիոն:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը: 1915 թվականից սկսած մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք վերստին միանում ենք Հայկական Մեծ Համայնքին Ամերիկայում և ամբողջ աշխարհում՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը: Այս օրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ-հանդիման հայտնված հայ ժողովրդի ամրությանն և տոկունությանը», - ասված է Թրամփի ուղերձում:
Թե՛ Թրամփը, թե՛ Ռուբիոն տարածաշրջանային կայունությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել: ԱՄՆ նախագահը նաև պնդել է, թե անհամբեր են շարունակելու նախորդ վարչակազմի օրոք Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը:
Շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցների շարքում Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով:
Ջո Բայդենը նախագահության ողջ շրջանում՝ 2021 թվականից սկսած, իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը:
«Նախագահ Թրամփի նահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Եթե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, կառույցի ղեկավարն էլ այն ճշմարտությունից միտումնավոր նահանջ է որակում, Ամերիկայի հայկական համագումարը հայտարարությամբ կարծիք է հայտնում՝ ապրիլի 24-ի նախագահի հայտարարությունը չի ենթադրում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն: Թրամփն իր նախորդների նման, ըստ հայտարարության, օգտագործել է Ցեղասպանության բառարանային այլ սահմանում:
«Առաջնահերթություններն են փոխվել»
«Կովկասյան թեման, ըստ իս, Թրամփի վարչակազմի համար գոնե առայժմ չի ներկայացնում այն հետաքրքրությունը և այն նշանակությունը, որ ուներ Բայդենի վարչակազմի համար», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Առաջնահերթություններն են փոխվել», - ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարություններն այսպես է բացատրում քաղաքական մեկնաբանը:
«Մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ գործարքի տրամաբանությամբ է առաջնորդվում և փորձում է ինչ-որ բաներ պայմանավորվել, սա փոխում է նաև վերաբերմունքը Կովկասի հանդեպ գոնե այս ժամանակահատվածում, և հետևաբար նաև առաջնահերթությունների փոփոխությունը մենք տեսնում ենք նաև ահա Հայոց ցեղասպանության վերաբերյալ եզրույթի օգտագործումից զերծ մնալով», - նշեց նա:
Բադալյանը նույն՝ Թրափի պաշտոնամուտից հետո միջազգային հարաբերություններում առաջնահերթությունների փոփոխության համատեքստում է դիտարկում նաև Հայաստանում եՄ առաքելության սոցցանցի էջում Ցեղասպանություն բառի խմբագրումը:
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից լուսանկարներին կից այժմ գրված է՝ «Հարգանքի տուրք 1915-1923 թվականներին զոհված հայերի հիշատակին»: Այնինչ մինչ այդ Ցեղասպանության զոհերի հիշատակ էր: Առաքելությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանել բառերի փոփոխությունը:
«Մենք տեսնում ենք, որ Եվրոպան, Եվրամիությունը մեղմ ասած գոհ չէ ամերիկա-ռուսական երկխոսության ընթացքից ու այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները կարող է պայմանավորվել Ռուսաստանի հետ, ու այս համատեքստում Եվրամիության համար բավականին բարձրանում է Թուրքիայի նշանակությունը: Ես կարծում եմ՝ այստեղ խնդիրը հենց դա, այսինքն, ավելորդ առիթ չտալ Թուրքիայի ինչ-որ սուր արձագանքի, Թուրքիայի հետ հարաբերություններում թեկուզ փոքր տրամաչափի լարվածության», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Թուրքիան հերքում է Ցեղասպանությունը, պոլսահայերին հղած իր ուղերձում նախագահ Էրդողանը երեկ 20-րդ դարասկզբի իրադարձությունների պատճառ դիվերսիան ու համաճարակն էր համարել: Կարծիք էր հայտնել, թե չկամները՝ փորձելով պատմությունից թշնամանք ստեղծել, չեն հասել իրենց նպատակներին: Թե մասնավորապես ո՞ւմ նկատի ուներ, չէր մանրամասնել:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանություններն այլև չեն համարում արտաքին քաղաքական առաջնահերթություն: