Անասելի կորստի ներքո հայ ժողովուրդը դիմացավ ու հաղթեց, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա և՛ս, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրառել է «Մեծ Եղեռն» տերմինը։
«Այսօր Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Հարգելով անցյալն՝ ակնկալում ենք աշխատել Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նախօրեին Թրամփը հրապարակեց Հայկական հիշատակի օրվա իր ուղերձը, որում, ինչպես և իր նախորդ նախագահության շրջանում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թվականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման:
Միացյալ Նահանգները՝ թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը: