Մատչելիության հղումներ

Շիրակի աղքատության պատկերը. շատերը փայտ գնել չեն կարող, վառում են՝ «ինչ պատահի»


43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակի մարզում. պաշտոնական այս վիճակագրությունը ցցուն երևում է Գյումրիի տնակային ավաններում ու վթարային հանրակացարաններում: Հենց այստեղ է, որ տեսնում ես թերսնված երեխաների ու ծերերի, «Ազատությանն» ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, որը վերջին տարիներին արտերկրի բարերարների աջակցությամբ սնունդ ու վառելափայտ է բաժանում։

«Նախկինում մենք ավելի շատ էինք բաժանում, հիմա մի հովանավոր է միայն հովանավորում, միայն 1000-1200 ընտանիքի կարող ենք որոշակի քանակությամբ վառելափայտ տալ, նրանցից մի փոքր մասին՝ ամբողջ ձմեռվա համար: Որովհետև եթե մենք 1200 ընտանիքին ամբողջ ձմեռվա համար տայինք, դա, չգիտեմ, պետական բյուջեն էլ, քաղաքային բյուջեն էլ չէր բավարարի», - ասաց Թումասյանը:

Այսօր ևս մի քանի ընտանիքի վառելափայտ բաժանեցին: Տնակում ապրողները հիմնականում վառում են՝ ինչ պատահի՝ ստվարաթղթից մինչև պլաստամասե իրեր։ Շատերը փայտ գնելու հնարավորություն պարզապես չունեն։

Այստեղի բնակիչներից տիկին Ռիտային հարևաններն են քանդված տնակի մնացորդներից վառելիք տվել, դրանով էլ ամբողջ ձմեռը հանելու էր, եթե օգնության չգար «Շիրակ» կենտրոնի տրամադրած վառելափայտը։ Հիմա աշխատանք չունի։ Սեզոնին դաշտերում է աշխատում կամ էլ հավաքարարություն անում:

Բաղդասարյան ամուսինները ողջ ամառ շրջակայքի ծառերի ճյուղերն են հավաքում, կտրում ու փայտանոցում դասավորում։ Տիկին Լեյլան ասում է՝ մի կերպ հերիքում է: Թոշակառու մանկավարժ ամուսինները ստացած թոշակով փայտ գնելու հնարավորություն չունեն։ Հիշում է՝ վերջին անգամ երբ գնել են, խաբել են։

Ծայրահեղ աղքատ ընտանիքների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավարը նկատեց՝ պետությունից գործնական քայլեր չի տեսնում, միայն նպաստ տալով հարցը չի լուծվում. - «Իրենք պիտի փորձեն այդ մարդկանց դուրս բերել, ապահովեն կացարանային պայմաններով, հատկացումներ անեն, ուշադրությունը գրավեն տարբեր ֆոնդերի»։

Նպաստի տրամադրման կարգը փոխող կառավարությունը, մինչդեռ, հայտարարում է՝ աղքատությունը կրճատելու համար մշակել է մի համակարգ, որը խրախուսում է աշխատելը, ոչ թե չաշխատելն ու այդ հիմքով նպաստ ստանալը։ Դեռևս ուժի մեջ չմտած փոփոխությամբ, օրինակ, նպաստառու ընտանիքների առողջ, չափահաս ու գործազուրկ անդամները պետք է գրանցվեն աշխատանք փնտրողների համակարգում, ստանան աշխատանքի կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկ: Բայց դարձյալ պաշտոնական թվերն են փաստում, որ Հայաստանում աշխատատեղերի աճին զուգահեռ աճել է նաև գործազրկությունը: Իսկ Վահան Թումասյանը վերջերս նկատել է, որ նաև գյուղական համայնքներում է աճում ծայրահեղ աղքատությունը։

43 տոկոս աղքատությամբ Շիրակի մարզը տարիներ շարունակ առաջինն է մնում: Ամենացածր ցուցանիշը, ըստ վիճակագրական կոմիտեի, Սյունիքի մարզում է՝ 7 տոկոս:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Շիրակի աղքատության պատկերը. շատերը փայտ գնել չեն կարող, վառում են՝ «ինչ պատահի»
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG