Հայաստանի գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում Ադրբեջանի դատախազության առաջարկը՝ համագործակցել Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության ընթացքում։ Երեկ նրանց մեղադրականներն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան այս կոչով. «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության»։
Արցախի նախկին գլխավոր դատախազ ու պետնախարար, այժմ փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վստահ է՝ Ադրբեջանն այս հայտարարությամբ նոր, հեռուն գնացող պլան է գծում, այս կոչը նախերգանք է. - «Ադրբեջանն ունի նաև ավելի հեռահար նպատակ, որովհետև միայն այն անձինք, որոնք գերեվարվել են, որոնք գտնվում են Ադրբեջանում, միայն այդ անձանցով կամ առնվազն նրանց՝ Ադրբեջանի տված իրավական գնահատականներով չեն ուզում սահմանափակվել։ Այստեղ վտանգը կարող է հասնել մինչև ՀՀ գործող իշխանություններ», - ասաց նա։
Գուրգեն Ներսիսյանն ասաց՝ դժվար չէ գերության մեջ գտնվողներից ցուցմունք կորզել, ցուցադրել ապացույցներ ու վկայություններ ու մեղադրանքներ կառուցել օրինակ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, այլ պաշտոնյաների դեմ։ Փաստ է՝ Բաքուն մեղադրյալների ցանկն է ընդլայնում, համաձայն է «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Այդ ընդարձակումը լինելու է և՛ զինվորականների հաշվին՝ և՛ նախկին, և՛ գործող, և՛ նախկին ու գործող պաշտոնյաների հաշվին՝ քաղաքական պաշտաններ զբաղեցնողների։ Ես չեմ բացառում, որ իրականում այդ ցանկում ներառված է նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես հնարավոր կասկածյալ կամ առնվազն վկա», - ասաց նա։
Ալիևյան ռեժիմի ձեռագիրն է՝ դարակից պարբերաբար նոր թեմաներ դուրս բերել, շեշտում է իրավապաշտպանը։
Փաստաբան Ներսիյաննն էլ չի բացառում, որ Բաքվի իրավապահների «համագործակցության առաջարկն» ի վերջո նախապայման դառնա։
Եթե համագործակցել, ապա Հայաստանում էլ բազմաթիվ քրեական գործեր կան, որոնցով կոնկրետ անուն-ազգանուն ունեցող ադրբեջանցիներ են անցնում, իշխանություններին հուշում է իրավապաշտպան Բեգլարյանը. - «ՀՀ իշխանությունները կարող են շատ մաքուր, միջազգային իրավական ու քաղաքական պատասխան հանգիստ տալ, որ եթե Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են համագործակցել, ապա պետք է պատրաստ լինեն համագործակցել Հայաստանում քրեական գործերով անցնող ադրբեջանցիների հարցերով նույնպես»։
Բեգլարյանը չգիտի՝ Հայաստանի իշխանությունը վախենո՞ւմ ու չի խոսում պատերազմական հանցագործությունների, խոշտանգումների մեջ մեղադրվող ադրբեջանցիների մասին, թե՞ քրեական գործերի գաղտնիության ռեժիմի հարց կա, բայց վստահ է՝ մինչ Ադրբեջանը տարբեր պայմաններ է դնում բանակցային սեղանին դնում, հայկական կողմը որևէ խաղաքարտ չի օգտագործում։
Շուտով Բաքվի դատարանի առջև կկանգնեն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի ղեկավարներից Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը և նրանց հետ ևս 7 գերիներ, որոնց թվում միայն զինծառայողներ չեն, նաև խաղաղ բնակիչներ, որ պարզապես չեն հասցրել հեռանալ իրենց տներից։ Բոլորին Ադրբեջանը ծանր հոդվածներ է առաջադրել, «ահաբեկիչ ցեղասպաններ» են՝ ըստ մեղադրականների։
«Որքան հնչեղ են մեղադրանքները, դրանք ամենաառաջինը նախ ներքին լսարանի համար են հաճելի», - նկատեց Գուրգեն Ներսիսյանը։
Բաքվի իրավապահները 1389 քրեական գործ են միավորել մեկում և այս 15 գերեվարված հայերին մեղադրանք են առաջադրել ավելի քան 2500 դրվագով։ Գլխավոր նպատակն, ըստ Արցախի նախկին պաշտոնյայի, Արցախյան շարժումը, 30 տարվա պատմությունը ամբողջությամբ օրենքից դուրս հռչակելն է։