Կազանում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Փաշինյանը և Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նաև այս թեմայի շուրջ «Ազատությունը զրուցել է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ավարտվեց կազանյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, կշտապեիք ասել, որ ինտենսիվությունը վկայում է, որ որոշակիանում է մինչև COP 29 համաժողովը խաղաղությանը փաստաթուղթը ստորագրելու հեռանկարը:
Սուքիասյան. - Ինտենսիվությունն, այո, կարող է խոսել ավելի մոտ գալու մասին կամ ավելի ցանկություն ունենալու կամ տուրք տալու արտաքին նաև դերակատարների հորդորներին, ճնշումներին կամ խրախուսանքներին՝ արագացնելու գործընթացը կամ ավելի հաճախ հանդիպելու և ավելի ինտենսիվ քննարկելու, ինչը մենք տեսնում ենք, թե' ԱՄՆ բանագնացների, պատվիրակությունների այցերը, թե' նաև հենց COP-ի արդեն շատ մոտ լինելը մղում են դրան: Բայց նաև առիթներն են շատ հանդիպելու. անցյալ շաբաթ «3+3», այսօր BRICS, անգամ հարց է, եթե էդ «3+3»-ը չլիներ, անցյալ շաբաթ, BRICS-ն էլ չլիներ, հիմա արդյոք էս հանդիպումներն էս ինտենսիվության կլինեին: Այսինքն՝ հարց է՝ ինտենսիվությունը պայմանավորված է ցանկությամբ հանդիպել և քննարկելու, թե նաև ժամը:
«Ազատություն». - Այնպես չէ, որ հատուկ բանակցություններ են կազմակերպվե՞լ:
Սուքիասյան. - Բայց և նաև չունեմ հիմքեր պնդելու, որ ինչ-որ լուրջ առաջընթաց եղել է կամ թե չի եղել, ըստ իս, Ադրբեջանն ամեն դեպքում ձգձգում է և չունի անկեղծ մտադրություն հասնելու համաձայնության, անգամ եթե ինչ-որ տիպի փաստաթուղթ ստորագրվի, դա չի նշանակում խաղաղություն: Դա կարող ենք անվանել թե բացասական խաղաղության իմաստով, որ չկա էդ պահին ակտիվ ռազմական գործողություն, բայց վեճերը շարունակվում են: Մենք տեսնում ենք, որ անգամ ամերիկյան բանագնացների հանդիպմանը ադրբեջանական կողմը շարունակել է պնդել այսպես կոչված սահմանադրական խնդիրը Հայաստանի, որպես հիմնական խոչընդոտ, ինչը մենք բոլորս հասկանում ենք, որ նման հայտարարություն, հետո անմիջապես էդ հայտարարությունը դժվար է հետ քաշել, դրանից հետ կանգնել, ինչպես և, մինչև COP-ը Հայաստանը անգամ եթե ցանկություն ունենա Սահմանադրության փոխելու, ֆիզիկապես անհնար կլինի:
«Ազատություն». - Բայց մյուս կողմից համաձայն չե՞ք, որ այդ պահանջը միջազգային ըմբռնում չի ստանում այն իմաստով, որ լսում ենք այդ կոչերը, հորդորները ստորագրել պայմանագիրը օր առաջ:
Սուքիասյան. - Միջազգային ըմբռնում նաև չկար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի կիրառելու, բայց դա կիրառվեց ու կարծես թե ըմբռնվեց:
«Ազատություն». - Չի գաղտնազերծվում՝ այդ ինչ խիզախ նախաձեռնություն ունի Միացյալ Նահանգների նախագահը, ենթադրաբար, ճանապարհների ապաշրջափակմա՞նն է վերաբերում:
Սուքիասյան. - Ամենայն հավանականությամբ, կարող են նաև Սահմանադրությանը վերաբերվի: Մենք տեսել ենք բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում ու բնավ խոսքը վերջին 4 տարիների մասին չէ: Անգամ եթե Քի վերսթին հետ գնանք մինչև կամ այն դրվագները պատմական, երբ ԱՄՆ-ը խորապես ներգրավվել է գործընթացում, մենք տեսնում ենք, որ իրենց գլխավոր առաջնահերթություններից է արևելք-արևմուտք հաղորդակցությունների ապաբլոկավորում: Հետևաբար նաև խիզախությունը նման կարևորության բաների մեջ է կարծես թե ԱՄՆ-ը տեսնում որպես ներդրում, ամենայն հավանականությամբ, դրան է վերաբերում: