Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօրվա հանդիպմանը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կառավարության հաղորդմամբ՝ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
Ադրբեջանը ամիսներ շարունակ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Թե արդյոք այ հարցին անդրադարձ եղել է, չի հաղորդվում։
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Իր այնտեղ ունեցած ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է բոլոր մտահոգությունները և վերացնում բոլոր փաստարկները՝ մայր օրենքի մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ այդ որոշումն արձանագրում է, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Նա նաև ասել էր, որ այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար։